armtimes.com: Վերջին ժամանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ամեն կերպ փորձում է ժխտել Թուրքիայի ռազմաօդային ուժերի, ավիացիայի, մասնավորապես՝ F-16 ինքնաթիռների մասնակցությունը մարտական գործողություններին: Ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության թեմայով ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը:

Նա ռազմական գործողություններում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներգրավման վերաբերյալ մի շարք ապացույցներ ներկայացրեց՝ ընդգծելով, որ F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիս ամսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների նախապատրաստման նախօրեին: «Ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ զորավարժությունների անցկացման արդյունքում նշված ինքնաթիռները ակտիվ գործողություններ են իրականացրել, ակտիվ ուսումնամարզական, ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական սահմանի ամբողջ երկայնքով՝ հիմնականում թիրախավորելով Գյանջա-Վարդենիս, Գյանջա-Քարվաճառ, Գյանաջա-Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները»:

Ներկայացնելով, թե ինչ են անում F-16-երը պատերազմական օրերին՝ Մովսեսյանը նշեց, որ սեպտեմբերի 27-ին Գյանջա-Սոթք-Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2 F-16 ինքնաթիռ խախտել է Հայաստանի Հանրապետության օդային տարածքը մինչև 6 կիլոմետր խորությամբ:

«Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:16-ի սահմաններում, Մինգեչաուրի ջրամբարի շրջակայքում հերթապահություն իրականացնող F-16 ինքնաթիռների զույգը, հայտնաբերելով Հայաստանի խորքից դեպի պետական սահման թռիչք իրականացնող ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ՍՈՒ-25 ինքնաթիռը, ուղղություն է վերցրել դեպի պետական սահման ու սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա արձակած օդային հրթիռով խոցել մեր ՍՈՒ-25-ը։ Իր գործողությունները թաքցնելու նպատակով հոկտեմբերի 3-ին հակառակորդը Գյանջա օդակայանից իրականացրել է F-16-երի վերահենակայում Գաբալա օդակայան։ Եթե մինչ այդ գործողությունները իրականացնում էր զուտ առանձին՝ ինքն իր խմբով, դրանից հետո փոխում է մարտավարությունը ու սկսում գործել Ադրբեջանի ավիացիոն ուժերի հետ համատեղ։ 2 կամ 4 ինքնաթիռ Գաբալայից օդ են բարձրանում, զբաղեցնում օդում հերթապահության դիրք Մինգեչաուրի ջրամբարի վրա, որից որոշ ժամանակ անց օդ են բարձրանում հետախուզական ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ, որից հետո օդ են բարձրանում Ադրբեջանի ՍՈՒ-25 ինքնաթիռները, ուղղություն վերցնում դեպի Մինգեչաուրի շրջան, որից մի փոքր հարավ երկու խմբերը միանում են իրար, կատարում են 2-3 րոպեանոց պտույտ։ Դրանից հետո 1 կամ 2 զույգ F-16  առանձնանում է՝ հարվածներ հասցնելով Մարտակերտի բնակավայրերին»:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։