Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած դատապարտյալներին պատժից ազատելու հստակ իրավակարգավորումներ չկան. Ա. Ֆանյան |armtimes.com|
14:09 - 15 հոկտեմբերի, 2020

Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած դատապարտյալներին պատժից ազատելու հստակ իրավակարգավորումներ չկան. Ա. Ֆանյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում հայրենիքի պաշտպանության գործում իր մասնակցությունն ու ներդրումն ունենալ է ձգտում ամեն ոք՝ երեխայից մինչեւ մարտական ուղի անցած քաղաքացի, բարերարից մինչեւ կալանավոր ու դատապարտյալ: Ազատազրկված անձանցից շատերն այս օրերին ռազմաճակատ մեկնելու ցանկություն են հայտնել, թեեւ նրանց զորակոչելու հատուկ իրավակարգավորումներ օրենքով կամ «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշմամբ նախատեսված չեն:

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ ազատազրկված անձանցից դիմումներ ստացել են, սակայն այլ մանրամասներ չեն տրամադրում։ «Միաժամանակ խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաեւ կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ»,- ասաց նա:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանը մեր զրույցում նշեց, որ նման դեպքերում պետությունն է որոշողը՝ քրեական ինչպիսի քաղաքականություն է պետք դրսեւորել: Ամեն դեպքում, դատապարտյալների ազատ արձակվելու ամենահավանական հիմքը, ըստ Ֆանյանի, այն է, որ դատարանները յուրահատուկ մոտեցում ցուցաբերեն՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցում:

Ինչ վերաբերում է կալանավորված անձանց, նրանց դեպքում պետք է ներկայացվեն խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու միջնորդություններ, սակայն անգամ խափանման միջոցի այդպիսի փոփոխությունը խոչընդոտներ է ստեղծելու քրեական գործերի քննությունը շարունակելու համար, որովհետեւ այդ դեպքում եւս կան հարցեր, որ իրավական կարգավորում չունեն:

Թեմայի վերաբերյալ Արմինե Ֆանյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

- Տիկի՛ն Ֆանյան, կա՞ն իրավական հիմքեր ռազմաճակատ մեկնելու նպատակով ազատազրկված անձանց պատժից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու համար:

- Կոնկրետ ընթացակարգ, որը հնարավորություն կտա դատապարտված անձանց պատժից ազատվել կամ պատժի կրումը հետաձգել, մենք չունենք, բայց ունենք մի կարգավորում, որ սահմանված է ՀՀ քր. օր. 80-րդ հոդվածով. ըստ դրա՝ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձը կարող է ազատվել պատժից, եթե հրդեհի, տեխնոլոգիական կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի հետագա կրումը դատապարտվածի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետեւանքների:

Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե պետության ներսում տիրող արտակարգ հանգամանքներին, այլ դատապարտյալի կամ նրա ընտանիքի համար ծանր հետեւանքների առաջացման հավանականությանը, եւ սրանով միայն այս օրենքի կիրառման սահմանները նեղացվում են: Ես՝ որպես իրավաբան, կարծում եմ, որ սա այնքան էլ կիրառելի չէ ստեղծված իրավիճակում, բայց, իհարկե, մեկնաբանման հարց է:

Բոլոր դեպքերում պատժից ազատել միայն դատարանն է կարող, եւ շահագրգիռ անձը պետք է դիմի դատարան, պետությունն է որոշողը՝ ինչպիսի քրեական քաղաքականություն դրսեւորել, նրանց ազատել, թե ոչ: Այլ հարց է, որ պետությունը սկսի յուրօրինակ մոտեցում ցուցաբերել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կիրառելիս. եթե այդ միջնորդությունների նկատմամբ դատարանների կողմից նախկինում շատ ավելի խիստ մոտեցում էր ցուցաբերվում, հիմա մի քիչ ավելի իրավիճակին բնորոշ մոտեցում ցույց տրվի, եւ անձինք մեծ մասամբ ազատվեն:

- Եթե որեւէ անձի դեպքում այդ «արտակարգ հանգամանքները» բավարար լինեն, ազատվելուց հետո նրա նկատմամբ որեւէ վերահսկողություն սահմանվելո՞ւ է:

- Ի տարբերություն պատժից պայմանական վաղաժամկետ ազատման՝ սա ենթադրում է պատժից վերջնականապես, անվերապահ ազատվել, նշված հոդվածի բովանդակությունից էլ երեւում է, որ որեւէ նախապայման կամ ժամանակավորապես ազատման հիմք չկա: Իսկ եթե անձը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի եւ մեկնի ռազմաճակատ, ապա, այո՛, դատարանը նրա նկատմամբ կարող է սահմանել որոշակի պարտականությունների կատարում փորձաշրջանի ընթացքում, իսկ փորձաշրջանը կարող է լինել պատժի չկրած մասը:

- Հաշվի առնելով, որ միայն անձի ցանկությունը բավարար չէ ռազմաճակատ մեկնելու համար՝ որոշումներ կայացնելիս դատարանները պե՞տք է դիմեն պաշտպանության նախարարությանը, ունենան վերջինիս դիրքորոշումը:

- Այդպիսի ընթացակարգ չկա, դատարանը նման լիազորությամբ օժտված չէ: Անձին ազատ արձակելիս դատարանը որեւէ պայմանում որեւէ երաշխիք չի ունենալու, որ նա մեկնելու է ռազմաճակատ: Իսկ եթե անգամ կալանավորումը փոխարինվի այլ խափանման միջոցով, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, անձը այլ տեղանք մեկնելու իրավունք չի ունենալու: Իսկ եթե, ամեն դեպքում, անձը այլ վայրում գտնվի, ընթացիկ քննության պայմաններում դա լուրջ բարդություններ է ստեղծելու՝ քննությունը անխոչընդոտ շարունակելու համար: Սրանք հարցեր են, որոնք իրավական կարգավորում ուղղակի չունեն. կա՛մ պետք է անհաղթահարելի ուժի հիմքով վարույթը կասեցնեն, կա՛մ չգիտեմ... Զուտ մոտեցման խնդիր է. իրավական ճանապարհ միշտ կարելի է գտնել, բայց ընթացիկ վարույթներով դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել