ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է հայ ժողովրդին։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արդեն 18 օր է՝ շարունակվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի դեմ։ Այսօր մեզ համար չափազանց կարեւոր է հասկանալ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բայց սրա համար էլ պետք է հասկանանք այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները։ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ, որի էությունը հետեւյալն էր․ անհապաղ Ադրբեջանին հանձնել յոթ տարածքներից հինգը, ներկայացնել մնացյալ երկու տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց եւ արձանագրել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում։

Ընդ որում՝ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը որեւէ պատճառահետեւանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ։ Այսինքն՝ տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում՝ Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը։ Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն կամ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության հրաժարվեց հարցի՝ նման ձեւով քննարկումից, որովհետեւ դա անընդունելի էր։

Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հնարավոր չէ հարցի կարգավորումը, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որեւէ լուրջ քննարկում՝ ըստ էության ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը, ինքնավար որեւէ բան է Ադրբեջանի կազմում։ Եվ, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր։

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը զարգացնում էր ռազմական հռետորաբանությունն ու հայատյաց քարոզը։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք բարեփոխումներ եւ վերազինումներ իրականացրինք մեր բանակում՝ փորձելով իրական պայմաններ ստեղծել «Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում» կանխադրույթի համար։

2020 թվականի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան մարտերը շատերի համար անսպասելին ապացուցեին․ ադրբեջանական բանակն ի վիճակի չէ՛ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Այս արձանագրումը ցնցող նշանակություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ բազմաթիվ այլ երկրների եւ առաջին հերթին Թուրքիայի համար։

Հուլիսյան մարտերից անմիջապես հետո սկսվեցին թուրք-ադրբեջանական աննախադեպ ծավալի զորավարժություններ։ Մեծաթիվ թուրքական զորախումբ եւ ռազմական տեխնիկա տեղափոխվեց Ադրբեջան։ Զորավարժությունների ընթացքում նրանք կրկին համոզվեցին, որ Ադրբեջանի բանակը մոտ ապագայում ի վիճակի չէ կոնկրետ խնդիրներ լուծել, եւ Թուրքիան որոշեց, որ այլեւս ինքը պետք է զբաղվի Ղարաբաղի հարցի լուծմամբ։ 

Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք․ ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում եւ, ըստ էության, համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւն է, որ կարող է փրկել իրադրությունը։ Սա, իհարկե, անընդունելի լինելով մեզ համար, շատ նման է 1938 թվականի Մյունխենյան համաձայնությանը, երբ իբր հանուն խաղաղության՝ եվրոպական մի շարք տերություններ Գերմանիային զիջեցին Չեխոսլովակիան։ Հիմա հարցը հետեւյալն է․ արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու մի նոր Հիտլերի ձեւավորումը՝ այս անգամ Փոքր Ասիայում։

Ընդդեմ Արցախի պատերազմը մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք եւ սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին եւ որտեղից կհարձակվի թշնամին։ Արցախի ՊԲ-ն իսկապես առաջին վայրկյաններից հերոսական կռիվ է տալիս։ Թուրքաադրբեջանաահաբեկչական վարձկանների դաշինքը ձեռնարկեց ամենաուժգին հարձակումն Արցախի վրա․ տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, հրետանի, ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, բազմապիսի ԱԹՍ-ներ, ահռելի մեծ թվով մարդուժ՝ ներառյալ մի քանի հազար հատուկ ջոկատայիններ Թուրքիայից, եւ, ըստ որոշ տեղեկությունների, Պակիստանից, վարձկաններ ու ահաբեկիչներ Սիրիայից։

Հակառակորդն առաջին շաբաթվա ընթացքում չունեցավ ոչ մի ռազմավարական եւ տարածքային հաջողություն, ու սա այն պայմաններում, երբ չուներ մատակարարման եւ մարդուժի ոչ մի սահմանափակում, իսկ Արցախն ու Հայաստանը գործում էին, ըստ էության, շրջափակման պայմաններում։

Այս ընթացքում հակառակորդը հսկայական քանակի զինտեխնիկա կորցրեց, մեծ թվով զոհեր տվեց, բայց այդ զոհերի մի մասը վարձկան-ահաբեկիչներ էին, ինչն ամենեւին ծանր չէին տանում Ադրբեջանում, մինչդեռ մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում բոլորիս, էլ չեմ ասում ահռելի թվով զոհերը, որ արդեն իսկ ունենք այս պահին։ 

Հետագա կորուստները կանխելուն էր ուղղված նախորդ ուրբաթ Մոսկվայում ընդունված հայտարությունը եւ այդ պրոցեսին մեր մասնակցությունը, որը նախատեսում էր հումանիտար հրադադար՝ դիակների, գերիների փոխանակում, վերադարձ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հարցը շուտափույթ կարգավորելու տրամաբանությամբ։ Ադրբեջանը, սակայն, ոչ մի վայրկյան հավատարիմ չմնաց հրադադարի պայմանավորվածությանը, եւ մինչեւ այժմ էլ շարունակում է հարձակումները՝ միեւնույն ժամանակ խոչընդոտելով հրադադարի պահպանման մոնիտորինգի մեխանիզմի ձեւավորմանը։  Սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ ի սկզբանե հայտարարած քաղաքական իր գծին եւ ԼՂ ամբողջական օկուպացիայի խնդիր է դրել իր առաջ։

Այս պահի դրությամբ, սակայն, կարող ենք արձանագրել մի բան․ թուրքադրբեջանաահաբեկչական նախնական պլանը՝ բլից-կրիգով գրավել ԼՂ-ն ու հարակից տարածքները, ձախողվե՛լ է մեր բանակի հերոսական գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, կամավորների, աշխարհազորայինների, Արցախի եւ ՀՀ-ի պետական կառավարման համակարգի, ղեկավարների, կառավարությունների, ազգային ժողովների, ՏԻՄ եւ պետական մարմինների համատեղ աշխատանքի շնորհիվ եւ ջանքերով։ 

Այս ընթացքում, սակայն, մենք ունեցել ենք բազմաթիվ կորուստներ։ Այս պահին մեր զոհերի թիվը շատ մեծ է, եւ ես սգում եմ մեր քաջարի նահատակների համար, որոնք իրենց կյանքով պաշտպանեցին հայրենիքը, սեփական ժողովրդի ապրելու իրավունքը, մեր ինքնությունը, արժանապատվությունն ու ապագան։ Եվ ես խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի, նահատակների, նրանց ընտանիքների, նրանց ծնողների, եւ հատկապես մայրերի առաջ, եւ նրանց կորուստը համարում եմ իմ անձնական, իմ ընտանիքի կորուստը։ 

Սիրելի՛ ժողովուրդ, ՀՀ եւ Արցախի հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն, պատերազմի 18 օրերի ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային եւ հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել։ Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում։ Այսուհանդերձ, Արցախի ՊԲ-ն ծանր մարտերով, մարդուժի եւ տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մարդուժի եւ զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ։

Բայց բոլորս պետք է իմանանք, որ ստեղծվել է բավականին ծանր իրադրություն։ Այս արձանագրումը չեմ անում հուսահատության կամ անելանելիության բերումով, այս տեղեկությունները փոխանցում եմ, որովհետեւ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսելու մեր ժողովրդի հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որ սեփական ժողովրդից թաքցնում է հազարավոր զոհերը եւ ավելի քան մեկ միլիարդ դոլարի զինտեխնիկայի կորուստը։

Այսօրվա իմ ուղերձի նպատակը մեր անելիքի ու ռազմավարության մասին խոսելն է, եւ այդ անելիքի շուրջ մեր համազգային համախմբումը քաջալերելը։ Անհրաժեշտ է արձանագրել, որ թուրքադրբեջանաահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումն Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

Վլադիմիր Պուտինի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել։ Այս օրերին ՌԴ-ն կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահի եւ Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը, եւ համոզված եմ՝ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ եւ աներկբա՝ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն։ 

Եվ մենք, հավատարիմ լինելով ԼՂ հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, ուզում եմ ընդգծել՝ վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերն արդյունավետ դարձնելու համար։ Այս ջանքերը, սակայն, մինչ օրս բավարար չեն եղել թուրքադրբեջանաահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետեւ խնդիրը, որ այս խմբավորումը իր առաջ դրել է, ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլև ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը։ 

Բայց այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետեւ սա մեր ժողովրդի համար ճակատագրական պատերազմ է։ Հայ ժողովուրդն այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին եւ հասնել անշրջելի հաղթանակի՝ այն է՝ ԼՂ հարցի վերջնական լուծման, ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման։ Մեր հզոր նախնիների, Արտաշես արքայի, Տիգրան ՄԵծի, Աշոտ Երկաթի, Արամ Մանուկյանի, Հովհաննես Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի, մեր մյուս նահատակների եւ հերոսների հոգիները, ոգին եւ ուժը մեզ հետ են այսօր։

Այս օրերին մեր հայրենակիցները համերաշխության, բողոքի ու աջակցության բազմահազարանոց խաղաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու կոնկրետ հարց․ Արցախի անկախության միջազգային ճանաչում, թուրքադրբեջանաահաբեկչական ագրեսիայի դատապարտում։

Սա մեր համազգային համախմբման կուլմինացիան է, եւ այն պետք է պսակվի մեր կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ։ Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, վախեցնել, հաղթել։ Մենք կանգնելու ենք մինչեւ վերջ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ այդ վերջի անունն է ազատ եւ երջանիկ Արցախ, ազատ եւ երջանիկ Հայաստան։

Այսօր, հիմա՛, այս վճռական պահին մեզնից յուրաքանչյուրը պետք է կենտրոնանա այս խնդրի իրագործման վրա․ Արցախը, զինվորը, բանակը, առաջնագիծը։ Ահա թե ինչը պետք է լինի մեր ջանքերի կիզակետը՝ սփյուռքում, թե Հայաստանում։ Մենք մեր սուգը պիտի վերածենք ցասմա՛ն, մեր մտավախությունները՝ վճռականությա՛ն, մեր կասկածները՝ գործողության։ Մենք պիտի հաղթե՛նք, մենք պիտի ապրե՛նք, մենք պիտի կերտե՛նք մեր պատմությունը եւ մենք կերտում ենք մեր պատմությունը, մեր նոր էպոսը, մեր նոր հերոսամարտը, մեր նոր Սարդարապատը։ Եւ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ ՀՀ-ն, կեցցե՛ Արցախը, կեցցե՛ հայոց բանակը, կեցցե՛ հայոց կամավորը, կեցցե՛ հայոց սփյուռքը, կեցցե՛ հայ ժողովուրդը, եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում, ազատ եւ երջանիկ Արցախում։ Փա՛ռք հերոսներին»։