Իրանում ընկած ԱԹՍ-ն հայկական չի կարող լինել |fip.am|
15:49 - 13 հոկտեմբերի, 2020

Իրանում ընկած ԱԹՍ-ն հայկական չի կարող լինել |fip.am|

fip.am: Այսօր՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան իրանական տարբեր աղբյուրներ հաղորդեցին Իրանի տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասին։ Լուրը որոշ ժամանակ անց պաշտոնապես հաստատեց նաև Իրանի պետական «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության` այն ընկել է Իրանի Արդաբիլ նահանգի Պարսաբադ-Մողան շրջանի Օզան Թափե գյուղի տարածքում, որը գտնվում է արցախա-ադրբեջանական սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի արևելք։ 

«ԻՐՆԱ»-ի պարսկերեն հոդվածում նշվում է, որ ըստ տեղական աղբյուրների՝ ընկած ԱԹՍ-ն կարող է պատկանել կա՛մ ադրբեջանական, կա՛մ հայկական զինված ուժերին, որոնք արդեն երկու շաբաթ է Իրանի հյուսիսային սահմանի մոտ մարտական գործողություններ են վարում։ Իսկ նույն գործակալության կողմից հրապարակված անգլերեն հոդվածի հենց վերնագրում ասվում է. «Ադրբեջանական կամ հայկական դրոնը ընկել է Իրանի հյուսիս-արևմուտքում»։

Իրականում, սակայն, այս ԱԹՍ-ն չի կարող պատկանել հայկական կողմին։ Այն իսրայելական արտադրության «Հարոպ» (Harop) տեսակի «կամիկաձե» ԱԹՍ է։ Ստորև ներկայացնում ենք այդ ԱԹՍ-ն արտադրող Israel Aerospace Industries (IAI) կայքում տեղադրված «Հարոպի» լուսանկարը, որից պարզ է դառնում, որ ընկած ԱԹՍ-ն հենց «Հարոպ» է։ ԱԹՍ-ի՝ «Հարոպ» տեսակի լինելու մասին գրել է նաև razm.info կայքը։ 

Եվ ինչպես հայտնի է, ՀՀ և Արցախի Զինված ուժերը չունեն իսրայելական արտադրության որևէ ԱԹՍ։ Հայկական զինուժի բոլոր ԱԹՍ-ները հայրենական արտադրության են։

Ի դեպ, վերջերս նույն «Հարոպ» տեսակի ԱԹՍ-ն որպես հայկական էր ներկայացրել Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։ Նա Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, թե, իբր, Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ) խոցել է Հայաստանի «կամիկաձե» ԱԹՍ, և կցել էր նույն «Հարոպի» մի քանի լուսանկար։

 

Ընթացող պատերազմում Ադրբեջանի կողմից «Հարոպի» կիրառումը հաստատվել է հենց Հաջիևի կողմից, որը գովել է դրանց բարձր արդյունավետությունը։ Ադրբեջանը դեռ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ էր գործածել այս ԱԹՍ-ն։

Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» դեռ սեպտեմբերի 26-ին գրել էր Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև բեռնափոխադրող ինքնաթիռների ակտիվ թռիչքների մասին։ Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ևս շարունակվում են բեռնափոխադրող ինքնաթիռների չվերթները Ադրբեջանի և Իսրայելի միջև, որոնցով, ամենայն հավանականությամբ, զենք և զինամթերք է փոխադրվում։

Հովհաննես Նազարեթյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել