Վերահաստատում ենք բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը. Լավրովն անդրադարձավ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|
17:15 - 12 հոկտեմբերի, 2020

Վերահաստատում ենք բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը. Լավրովն անդրադարձավ Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, ինչպես Մինսկի խմբի ձևաչափի, այնպես էլ այլ ձևաչափերի շրջանակներում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Սերգեյ Լավրովը հիշեցրեց, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդության լիազորություն ունեն երեք համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ընդգծելով, որ Մոսկվայում ընդունված եռակողմ հայտարարության կետերից մեկով ֆիքսել են բանակցային գործընթացի  ձևաչափի անփոփոխելիությունը:

«Վերջին օրերին, այն հայտարարությունները, որոնք հնչել են համաշխարհային մայրաքաղաքներից, ընդգծում են հավատարմությունը երեք համանախագահների մանդատին»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Նա հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում են և հանդիպելու են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, իսկ անցած շաբաթ Ժնևում կոնտակտներ են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ:

«Մենք վերահաստատում ենք բանակցային գործընթացի, բանակցային ձևաչափի անփոփոխելիությունը: Եռակողմ համատեղ հայտարարությամբ վերահաստատել ենք հավատարմությունը քաղաքական կարգավորման հասնելու հետագա ջանքերին ՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ»,- ասաց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ Իլհամ Ալիևը նույնպես ողջունել է մոսկովյան պայմանավորվածությունները:

Սերգեյ Լավրովը հավելեց, որ կապ է հաստատել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, նրան տեղյակ է պահել, որ ակնկալում են աջակցություն իրենց  ջանքերին: «Կիրակի մենք ևս մեկ հեռախոսազրույց ենք ունեցել, որի ընթացքում հաստատվել է աջակցությունը մոսկովյան փաստաթղթին»,- ասաց նա:

Եզրափակելով խոսքը՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ հարկավոր է, որպեսզի մոսկովյան պայմանավորվածություններն աշխատեն ռեալ կյանքում, ինչի ուղղությամբ աշխատում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել