azatutyun.am: Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի վերաբերյալ հոկտեմբերի10-ին ձեռք բերված համաձայնությունը:

ԵՄ-ն կողմերին հորդորել է խիստ հավատարիմ մնալ ձեռք բերված համաձայնությանը և կոչ արել բոլոր դերակատարներին, այդ թվում՝ արտաքին կողմերին ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ զոհերի:

«Այս առումով, մենք ծայրաստիճան անհանգստությամբ ստանում ենք հաղորդումներ շարունակվող ռազմական գործողությունների, այդ թվում ՝ ուղղված քաղաքացիական թիրախների դեմ, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին և կողմերին հորդորում ապահովել համաձայնության նկատմամբ լիակատար հարգանք՝ տեղական մակարդակում», - ասված է հայտարարությունում:

ԵՄ-ն կողմերին կոչ է արել առանց հապաղելու վերադառնալ բովանդակային բանակցությունների դաշտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների և համաձայնեցված սկզբունքների հիման վրա:

«ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին`հակամարտությանը բանակցությունների միջոցով քաղաքական լուծում գտնելու հարցում և կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - ասված է հայտարարությունում։