Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված քայլերը․ ՀՀ ԱԳՆ
22:53 - 10 հոկտեմբերի, 2020

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված քայլերը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ.

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցմանը` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

Սակայն դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակավայրերին:

Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը:

Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակի տակ են պահում բնակավայրեր և ճակատային գիծը։

Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել