Մոսկովյան պայմանավորվածությունները կդառնան դեպի տևական հրադադար տանող առաջին քայլը. Քերի Քավանո |armenpress.am|
11:50 - 10 հոկտեմբերի, 2020

Մոսկովյան պայմանավորվածությունները կդառնան դեպի տևական հրադադար տանող առաջին քայլը. Քերի Քավանո |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին մոսկովյան պայմանավորվածությունները կլինեն առաջին քայլը դեպի երկարատև հրադադարը Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոն:

Միաժամանակ, նա հավելել է, որ հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման համաձայնությունը «շատ ոգևորող քայլ է»:

Նախկին պաշտոնյան կարծում է, որ այս հրադադարը կարող է պայմանական լինել, հաջորդ քայլը կարող է լինել ներկա դադարը պահպանելով մշտական հրադադարի ավելի լայն քննարկումը: «Սա առաջին քայլն է դեպի համաձայնագիրը, սակայն հետագա համաձայնագիրը չի լինի հակամարտության լուծումը, այլ կլինի կրակի երկարատև դադարեցումը»,- ասել է Քավանոն, որը 2000-ականների սկզբին կարևոր դեր էր կատարում այս հակամարտության կարգավորման նպատակին ուղղված միջնորդական ջանքերում:

Նա հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կսկսվեն «ավելի աշխույժ» բանակցություններ: Հետագայում հնարավոր կլինի բանակցությունները կենտրոնացնել ոչ միայն կրակի դադարեցման, այլև հենց հակամարտության լուծման ուղղությամբ:

«Դա մոտ ժամանակում չի լինի: Շատ դժվար է փոխզիջումային լուծում ստեղծել նման ինտենսիվ ռազմական գործողություններից հետո»,- ասել է ԼՂ հարցով բանակցությունների ամերիկացի նախկին համանախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել