«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ  Վահան Մովսիսյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։


- Պարո՛ն Մովսիսյան, համայնքների խոշորացումից հետո նախկին համայնքապետարանների աշխատակազմերի կրճատումից խնայվեցին դրամական որոշ միջոցներ, հիմա նաև «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրենքով համայքներին դոտացիաներ տրամադրելիս հաշվի է առնվում բազմաբնակավայրության գործոնը։ Արդյոք այս ամենն էականորեն մեծացրե՞լ է համայնքների բյուջեները, և կարելի՞ է ասել, որ համայնքների խոշորացումը ֆինանսական առումով արդյունավետ էր։

- Իհարկե, բայց մի վերապահումով: Երբ ասում եք՝ կրճատվեցին, ինչի հետևանքով ֆինանսական միջոցներ տնտեսվեցին, ապա պետք է հասկանալ, որ այդ տնտեսվելը հարաբերական հասկացություն է։ Տնտեսվեց ինչի՞ համար, տնտեսվեց աշխատավարձերի ֆոնդո՞վ, թե՞ կառավարչական ծախսերով։ Շատ ու շատ համայնքների օրինակ կարող եմ բերել, երբ այդ կրճատման հաշվին մի ուրիշ գյուղում մանկապարտեզի խմբակ բացվեց, որն այդ պահին ավելի կարևոր էր, քան մի քանի ավելորդ հաստիքների աշխատավարձերը։

Այսինքն, տնտեսում ասվածը դիտարկվում է հետևյալ կերպ․ ավելանում է գումար, որով հետո կարող ես ինչ-որ ներդրումներ անել։ Իհարկե, ներդրումներն էլ են ավելացել, որովհետև հիմա սուբվենցիոն ծրագրերի շահառուները հիմնականում խոշորացված համայքներն են։

Բայց խոշորացման գործընթացի նպատակը չի եղել գումար տնտեսելը․ դա ուղղակի արդյունք է, որը շատ լավ է։ Նպատակն ավելի բարձր է․ նպատակն ապակենտրոնացման գործընթացն է։

- Խոշորացումից առաջ կարևորվում էր համայնքների համաչափ զարգացումը։ Խոշորացված համայնքները կարո՞ղ են համաչափ զարգանալ, եթե հաշվի առնենք, որ դրանք բնակավայերի թվաքանակի առումով շատ տարբեր են․ մի դեպքում միավորվել է երկու բակավայր, մեկ այլ դեպքում՝ երեսուներկու։

- Այո՛, դա թերություններից մեկն է, որովհետև խոշորացումը չի կարող տեղի ունենալ ինքնակամ․ չի կարող մի դեպքում 4 բնակավայրից ձևավորվել Գորայքը, և մյուս դեպքում երեսուներկու բնակավայրից՝ Սիսիանը։ Սրանք հարևան համայնքներ են․ մեկում 35 հազար բնակիչ կա, մյուսում՝ 1600։ Դրանք ապակենտրոնացման գործընթացին խանգարող գործոններն են։

- Այդ դեպքում ի՞նչ է պետք անել, որ համայնքները համաչափ զարգանան։

- Համաչափ զարգացման համար առաջին քայլը մոտավորապես նույն ունակություններով համայնքների ձևավորումն է։ Այս պահին, ունակություն ասելով, մենք պետք է հասկանանք ոչ միայն ֆինանսական հնարավորությունները, այլև ենթակառուցվածքային ունակությունները, հողային ռեսուրսները, բնակչության թվաքանակը, որովհետև մասշտաբի էֆեկտի հասկացություն գոյություն ունի․ եթե դու մեծ համայնքներ ես ձևավորում, ավելի էֆեկտիվ է սկսում աշխատել։ Մենք պետք է նաև հասկանանք, որ շատ մեծ համայնքներ ձևավորելու դեպքում մասնակցայնության գործընթացն է սկսում տուժել։

Որպեսզի կարողանանք ապակենտրոնացում իրականացնել, համայնքները պետք է հավասարաչափ զարգանան, իսկ հավասարաչափ զարգացման մի գործոնը կառավարությունն արդեն անում է կարծես․ սուբվենցիան ծրագրերով փորձում են ենթակառուցվածքներ ստեղծել այն համայնքներում, որտեղ ինչ-որ ենթակառուցվածքներ բացակայում են։

- Արդյո՞ք խոշորացված համայնքի կենտրոնը սուբվենցիոն ծրագրեր կիրականացնի հավասարապես բոլոր բնակավայրերում։ Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրում, օրինակ, գյուղամիջյան ճանապարհները շատ վատ վիճակում են, բայց համայնքային կենտրոն Դիլիջանում են սուբվենցիան ծրագրով փողոցներ ասֆալտապատվում։

- Ձեր ասածը պետք է վերլուծել, ոորվհետև եթե մենք վերլուծում ենք միայն այն առումով, որ համայնքային կենտրոն է, սխալվում ենք։ Օրինակ, եթե վերցնենք, որ Դիլիջանը 15 հազարից ավելի բնակիչ ունի, իսկ Աղավնավանքը, որը Դիլիջանի բնակավայրերից է, 220 բնակիչ ունի, ապա ակնհայտ է, որ առաջնահերթ պետք է փորձենք ներդրում անել այնտեղ, որտեղ շահառուների քանակն ավելի շատ է։ Վերանորոգենք մի ճանապար, որով 16 հազար մարդ իրենց մեքենաներով կանցնե՞ն, թե՞ մի ճանապարհ, որից 200 մարդ կօգտվի։

Եվ եթե սկսում ենք առաջնահերթություններով դիտարկել, այս դեպքում հարցը կենտրոնի խնդիրը չէ, այլ ավելի շատ շահառուների քանակի խնդիրն է, ինչն, օրինակ, Մեղրի խոշորացված համայնքի տարբերակում հստակ երևում է։ Մենք այս համայնքում ունենք Մեղրի բնակավայրը, նաև ունենք բնակչության նույն թվով Ագարակ բնակավայրը, և կտեսնենք, որ այնտեղ մոտավորապես հավասար է լինում, որովհետև այդ համայնքների բնակչություններն էլ են հավասար։

Բայց այտեղ մի ուրիշ խնդիր էլ կա։ Բանն այն է, որ քաղաքային համայնքները կամ խոշոր համայնքները, որոնք դարձել են համայնքային կենտրոններ, ենթակառուցվածքներ քիչ թե շատ ունեն, իսկ մնացած բնակավայրերը չունեն։ Սա է պատճառը, որ խոշորացման գործընթացում հաճախ ավելի շատ բողոքում են համայնքային կենտրոնի բնակիչները՝ ասելով, որ իրենց համայնքի բյուջեի գումարները, որոնք առաջ միայն իրենց վրա էին ծախսվում, հիմա ծախսվում են նաև հեռավոր փոքր բնակավայրերի վրա։

Սա ավագանու գործն է, և ավագանին ինքը պետք է որոշի, թե որտեղ է ավելի ճիշտ ներդրումներ անել։ Բայց միշտ հարց կառաջանա․ մի դեպքում կենտրոնը կբողոքի, որ գումարները գնում են ծայրամաս, մյուս դեպքում ծայրամասը կբողոքի, որ ներդրում կենտրոնում են անում։ Սա միշտ լինելու է և ամբողջ աշխարհում գոյություն ունի։ Ամբողջ հարցը հետևյալն է․ այնքան շատ ներդրում է պետք անել, իսկ ֆինանսական միջոցներն այնքան քիչ են, որ միշտ անհամաձայնություն, դժգոհություն է առաջանալու։

- Մասշտաբի էֆեկտը ենթադրում էր, որ բնակիչներին մատուցվող ծառայությունների որակը պիտի լավանա, ենթակառուցվածքները պիտի շատանան։ Առաջին խոշորացումից բավականին ժամանակ է անցել․ ըստ Ձեզ՝ խոշորացված համայնքներում ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիության առումով դրական փոփոխություններ նկատվո՞ւմ են։

Իհարկե, նկատվում են։ Եթե մենք խոսենք ամենաառաջին խոշորացումից, երբ ձևավորվեցին Դիլիջանը, Թումանյանը, Տաթևը, և դրան գումարենք հաջորդ 15-ը, ապա բոլոր համայնքներում առնվազն 200-ից 500 հազար դոլարանոց ներդրումային ծրագիր է իրականացվել տեխնիկայի գծով, ինչը ենթադրում է, որ, օրինակ, ձեռք բերված գրեյդերը չի աշխատելու միայն համայնքային կենտրոնում, այլև մնացած բնակավայրերում, խոսքը նաև աղբատար մեքենաների, ինքնաթափ մեքենաների, կոմբայնի մասին է։

Առանձին փոքր համայնքների դեպքում դա անել անհնարին էր։ Մասշտաբի էֆեկտը հնարավորություն ստեղծեց, որ այդ համայնքային փունջն ունենա մեկ միասնական տեխնիկական բազա, որը ձևակերպվեց որպես ՀՈԱԿ և հիմա սպասարկում է ոչ միայն այն բնակավայրին, որտեղ գտնվում է, այլ համայնքի բոլոր բնակավայրերին։

Եթե Արենի համայնքում տեսնեք նրանց գրեյդերը, որը մնացած բոլոր համայնքների դաշտամիջյան ճանապարհներն է կարգավորում, կհասկանաք, որ Արենի համայնքում առանձին փոքր բնակավայրերը, ինչպիսիք Չիվան և Ռինդն են, միայնակ այդ սաքրից ունենալ չէին կարող։ Սա հենց մասշտաբի էֆեկտն է։ 

- Կառավարությունը նախատեսում է խոշորացման գործընթացի ավարտից հետո մարզպետարանների որոշ լիազորություններ փոխանցել տեղական ինքնակառավարման մարմիններին։ Ձեր պատկերացմամբ՝ կոնկրետ ո՞ր լիազորությունները պետք է փոխանցվեն ՏԻՄ-երին, և գործընթացի ավարտից հետո մարզպետարանները ի՞նչ դեր պետք է ունենան։

- Դա քաղաքական որոշում է, և կարող է իրականացնել միայն Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացնելուց հետո։ Իմ անձնական կարծիքը հետևյալն է․ ես կուզենայի, որ, ինչպես ամբողջ աշխարհում, ՏԻՄ-երին փոխանցվեին հանրային ծառայությունների այն տեսակները, որոնք ի վերուստ համայնքային են, տեղական են՝ կրթությունն ամբողջությամբ, առողջապահությունը՝ բացի պրոֆեսիոնալ առողջապահությունից, և սոցիալական ապահովության համակարգը (խոսքը չի վերաբերում թոշակներին)։ 

Այս երեքը առաջնահերթ փոխանցման անհրաժեշտություն ունեն։ Եվրոպական երկրների մեծամասնությունում դրանք վաղուց ՏԻՄ-երն են իրականացնում։

- Արդյո՞ք մեր ՏԻՄ-երն այնքան կայացած են, որ կարողանան այդ ոլորտների պատասխանատվությունը վերցնել իրենց ուսերին։

- Եթե, կայացած ասելով, նկատի ունեք ֆինանսական մասը, ապա պետք է հաշվի առնել, որ  ապակենտրոնացում նշանակում է տալ լիազորությունը, գումարն էլ հետը։ Այսինքն, միևնույն է, այդ դպրոցը հիմա ինչ-որ տեղից ֆինանսավորում ստանում է, այդ նույնը պետք է փոխարենը ինչ-որ ճանապարհով դառնա համայնքային գումար, և համայնքը ֆինանսավորի։ Սա վերաբերում է ֆինանսական ապակենտրոնացմանը։

Իսկ եթե Դուք նկատի ունեք կառավարումը՝ համապատասխան մասնագետների կամ ունակությունների առկայությունը, ինչը համայնքներում  կարող է չլինել, ապա խոշորացման գործընթացը հենց նրա համար է, որ այդ ունակությունները ձևավորվեն ոչ թե 300, 500 կամ 1000 բնակչության տիրույթում, այլ՝ 15000, 20000։ Այս պայմաններում հաստատ հնարավոր կլինի նման մարդկանց գտնել։

Մարզային աշխատակիցները, որոնք այդ ունակությունն ունեն ու սպասարկում են, մարզպետարաններից այդ լիազորությունները վերցնելուց հետո ազատվելու են, հետևաբար կարող են տեղավոխվել համայնքներ և աշխատել, եթե, իհարկե, տրանսպորտային մատչելիության խնդիրը լուծվի։ Չեմ կարծում, որ Արագածոտնի մարզպետարանից պետք է գնան, ասենք, Ալագյազում աշխատեն, բայց հաստատ Աշտարակ քաղաքի կամ կողքի մյուս համայնքներում այդ խնդիրը կլուծվի, կմնան ավելի հեռու համայնքները, որոնց համար կարելի է կադրեր վերապատրաստել։ Եթե տիրույթը մեծ է, ընտրությունն էլ է ավելի մեծ։

- Համայնքի ավագանին բյուջեի բաշխման գործում մեծ դեր ունի։ Բայց կան բնակավայրեր, որոնք ավագանու կազմում ներկյացուցիչ չունեն։ Սա չի՞ խանգարում, որ բյուջեն բոլոր բնակավայրերի միջև օբյեկտիվորեն բաշխվի։

- Առերևույթ թվում է, թե կարող է խանգարել։ Ես այդպես չեմ կարծում, որովհետև եթե հարցը ոչ միայն բյուջեի, այլև ներկայացնելու, բնակավայրի խնդիրը ավագանու նիստ բերելու մասին է, ապա պետք է հիշել, որ ավագանու նիստի օրակարգ հարց կարող է բերել ոչ միայն ավագանու անդամը, այլ նաև բնակավայրի վարչական ղեկավարը։

- Բայց չէ՞որ վարչական ղեկավարը քվեարկելու կամ բյուջեն տնօրինելու իրավունք չունի։

- Բայց հարցը  ներկայացնելու իրավունք ունի։ Հաջորդ ընտրություններին ավագանին ձևավորվելու է համամասնական սկզբունքով, ինչը ենթադրում է ունենալ ոչ թե ավագանու անհատ  անդամի դիրքորոշում, այլ այն քաղաքական ուժի դիրքորոշումը, որը մեծամասնություն կկազմի։

- Այսինքն՝ համամասնական ընտրակարգով ձևավորվելու դեպքում ավագանու աշխատանքի որակը կլավանա՞։

- Իհարկե, եթե դառնա քաղաքական պատասխանատվության կրող մարմին, այս դեպքում արդեն չենք ասի՝ Պողոսյան Պողոսը վատ աշխատեց և մեր գյուղում որևէ բան քիչ կատարվեց, այլ կասենք՝ այսինչ կուսակցությունն անտեսեց մեր համայնքը, ինչի պատճառով մենք չունեցանք ոչ մի առաջընթաց։ Սա քաղաքական կուսակցության համար հարվածի առարկա կլինի, և կուսակցությունները կաշխատեն այնպես անել, որ այդպես չլինի, որովհետև հաջորդ ընտրություններ կան, քաղաքական իմիջի խնդիր կա, հանրապետական ընտրություններին մասնակցելու հարց կա։ 

 

Աննա Սահակյան