Կայացել է Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հանդիպումը
13:56 - 09 հոկտեմբերի, 2020

Կայացել է Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հանդիպումը

Կայացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հանդիպումը:

Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում հանրային առողջության պահպանման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել:

Նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել COVID-19 հիվանդության լաբորատոր աշխտորոշման նպատակով Հայաստանին թեստ-համակարգեր և ռեագենտներ տրամադրելու համար, հատկապես այն ժամանակ, երբ նոր էր հիվանդությունը շրջանառվում` նշելով, որ հենց ռուսական թեստերի շնորհիվ մեր երկրում հնարավոր եղավ հայտնաբերել COVID-19-ի առաջին դեպքերը:

Արսեն Թորոսյանը նաև բարձր է գնահատել ռուսական կողմի աջակցությունը համավարակի վերաբերյալ առցանց վիդեոկոնֆերանսներ անցկացնելու պատրաստակամության և անձամբ Աննա Պոպովայի մասնակցության առումով:

«Մեզ համար շատ կարևոր է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-երկրների բնակչության շրջանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման, ախտորոշման և բուժման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակումը»,- ասել է առողջապահության նախարարը և հույս հայտնել, որ համատեղ և համաձայնեցված միջոցառումների շնորհիվ մոտ ապագայում կգրանցվեն դրական արդյունքներ COVID-19-ի դեմ պայքարում:

Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին և այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին ու փոփոխություններին:

«Ուզում եմ տեղեկացնել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին տեխնիկական աջակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական լաբորատորիաներն արդյունավետ գործում են»,- նշել է նախարարը` հավելելով, որ փոխգործակցության հիմքում տարածաշրջանի համաճարակաբանական իրավիճակի կայունացմանն ուղղված կառուցողական աշխատանքներն են:

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև արցախա-ադրբեջանական հակամարտության ներկայիս սրված իրավիճակին, որի հետևանքով առողջապահության նախարարությունը զբաղվում է թե' վիրավորների տեղափոխմամբ, և թե' նրանց բուժօգնության կազմակերպմամբ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է համակարգի համար:

Աննա Պոպովան շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ չնայած լարված իրադրությանը` բոլոր ասպեկտներում մշտապես կա ակտիվ համագործակցություն, ամեն հարցում աջակցելու, ցանկացած տեղեկատվություն փոխանակելու երկուստեք պատրաստակամություն, ինչի շնորհիվ հնարավոր է ձևավորել համատեղ դիրքորոշում, որը հնարավորություն կտա դիմակայելու համավարակին և այլ մարտահրավերներին:

Կողմերը քննարկել են սահմանների բացման, մասնավորապես` Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման հարցերը: Նախարարը շեշտել է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկի նվազեցման համար երկրները պետք է կիրառեն համատեղ, հուսալի և հստակ պահանջներ, որոնք կապահովեն մի երկրից մյուսը քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: Գործընկերներն անդրադարձել են նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման ընթացքին և ձեռքբերման հնարավորություններին:

«Ուզում եմ նշել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութը, ինչպես և գրիպինը, չի երաշխավորում, որ տվյալ մարդն էլ երբեք չի վարակվի, սակայն այն երաշխավորում է, որ կրկին վարակված մարդու մոտ հիվանդությունը կանցնի ավելի թեթև և առողջության վատթարացում չի լինի»,-մանրամասնել է Աննա Պոպովան:
«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը նոր են մշակվում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, մենք հետաքրքրություն կցուցաբերենք այն ձեռք բերելու համար այն դեպքում, եթե կլինիկական փորձարկումները հաստատեն պատվաստանյութի անվտանգությունը և արդյունավետությունը»,- նշել է Արսեն Թորոսյանը:

Կողմերը հանդիպումը որակել են արդյունավետ և հավաստիացել, որ ընդլայնված համագործակցությունը կլինի փոխադարձ հետաքրքրությունների բոլոր ուղղություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել