Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունը
18:56 - 08 հոկտեմբերի, 2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

«Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձնազերծած ռազմական գործողությունների այս տագնապալի օրերին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծության և հռթիռակոծման են ենթարկում ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին և այլ քաղաքներ՝ խլելով անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախ աշխարհի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը՝ բացահայտելով Արցախի հայաթափմանը և հայկական մշակութային ներկայության ոչնչացմանը միտված իր դատապարտելի և այլևս ավանդական դարձած քաղաքականությունը։ Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ նշանառության տակ է առնվել և ռմբակոծվել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով կատարվածը և դիտարկելով այն որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում, կոչ է ուղղում Եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային հնամենի ժառանգության և վկայությունների անխաթար պահպանման։ 

Հավատավոր մարդկանց կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը և աղոթատների նպատակային թիրախավորումը ուղղակիորեն հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին», - նշված է հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել