Բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են պատերազմի և կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրները
12:56 - 07 հոկտեմբերի, 2020

Բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են պատերազմի և կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:
 
Քննարկվել են պատերազմի, ինչպես նաև կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրներն ու ստեղծված իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացման հարցը։ Նախարարն ընդգծել է ստեղծված իրավիճակում բուհերի՝ որպես առավել մեծ թվով շահառու ունեցող հաստատությունների առանցքային նշանակությունը։ Ա. Հարությունյանն անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված խնդիրներին՝ կոչ անելով պատշաճ ուշադրություն դարձնել հակահամաճարակային կանոնների պահպանմանը` դրանով նաև աջակցելով բուժհաստատություններին։
 
Նախարարը կարևորել է նաև պատերազմի պայմաններում բուհերի բնականոն աշխատանքը ապահովելու, քաղպաշտպանության հետ կապված հարցերը կարգավորելու և այդ գործում ուսանողների ներգրավվածությունը խրախուսելու ուղղությունները:
 
Ռեկտորներն իրենց հերթին ներկայացրել են առկա խնդիրների լուծման նպատակով իրականացված գործողությունները: Նշվել է, որ ստեղծված իրավիճակում ուսումնական հաստատությունները ներգրավված են կամավորական աշխատանքներում. ուսանողները և դասախոսները շարունակական աջակցություն են ցուցաբերում դրա կարիքն ունեցող անհատներին և կառույցներին, կազմակերպում տարաբնույթ ակցիաներ:
 
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև հեռակա սովորող ուսանողների և դիմորդների թեմային. քանի որ նրանց շարքում կան զորակոչվածներ և հայրենիքի պաշտպանությանը կամավոր զինվորագրվածներ, քննարկվել է այդ քաղաքացիների համար բուհերի հեռակա համակարգի ընդունելությունը պատերազմից հետո առանձին կազմակերպելու հնարավորությունը։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել