Սփյուռքից Հայաստան օգնություն ուղարկելու որևէ խոչընդոտ չկա․ ազատամարտիկի դժգոհության հետքերով |fip.am|
21:03 - 06 հոկտեմբերի, 2020

Սփյուռքից Հայաստան օգնություն ուղարկելու որևէ խոչընդոտ չկա․ ազատամարտիկի դժգոհության հետքերով |fip.am|

fip.am: «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհել էր, որ ազատամարտիկների համար Ֆրանսիայից դեղեր են ուղարկել, սակայն մաքսակետում խնդիրներ են ստեղծում։

«Ամոթ ձեզ, եթե պետք է այս օրով օրենք ման գաք դեղերի վրա՝ ազատամարտիկի համար…»,- նշել էր նա։ 

Այս բողոք-հայտարարությունը, բացի սոցցանցերում ակտիվորեն տարածվելուց, հրապարակվել էր նաև որոշ կայքերում։

ՊԵԿ-ից պարզաբանում են՝ Սփյուռքից ուղարկված ցանկացած օգնություն անմիջապես, առանց խոչընդոտի տեղ է հասնում 

Պետական եկամուտների կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը Fip.am-ի հետ զրույցում պնդեց, որ մաքսային մարմիններն ամեն ինչ անում են, որ ռազմաճակատի և բանակի համար ուղարկված օգնությունն օր առաջ տեղ հասնի։ 

«Ցանկացած օգնություն, որ գալիս է այս պատերազմական օրերին, անմիջապես արձագանք է ստանում։ Սփյուռքի գրասենյակի հետ համատեղ աշխատում ենք օրուգիշեր, օպերատիվ կազմակերպվում են մաքսային ձևակերպումները, որ գնան տեղ հասնեն, եթե դա նախատեսված է ռազմաճակատի համար։ Բայց եթե անձնական օգտագործման համար են, դեղ  ու դեղորայքն ունեն կարգավորում. երեք անուն դեղորայք-դեղից յուրաքանչյուրը 10 տուփ կարող է առանց ձևակերպման դուրս բերվել, մնացածը մաքսային ընթացակարգով է»,- ասաց նա։ 

ՊԵԿ խոսնակն անդրադարձավ նաև կոնկրետ տարածվող տեսանյութին և հաստատեց, որ նշված դեղորայքը՝ 5 կգ բեռով, դուրս է գրվել Ֆրանսիայից և փոստային կապի միջոցով ուղարկվել է դեռ սեպտեմբերի 23-ին, երբ պատերազմական իրավիճակ չէր էլ եղել։ 

«Մենք հայտարարություն ենք տարածել, որ փոստով Հայաստան եկած դեղերն ունեն հստակ ընթացակարգ, բայց դա էլ մի կողմ թողած, հաշվի առնելով, որ նման իրավիճակ է, և եկել հասել է, չենք ուզում խնդիր առաջացնել և էլի պատրաստ ենք բեռը տալ, եթե  Առողջապահության նախարարությունից թույլտվություն ներկայացվի։ Դեղորայքի հետ կապված ցանկացած վերահսկողություն Առողջապահության նախարարությունն է համակարգում՝ ի՞նչ դեղորայք է մտնում երկիր, ի՞նչ պարունակության, և տալիս համապատասխան թույլտվություն։ Մաքսայինի հետ այստեղ որևէ խնդիր չկա, եթե այդ անձը նշված թույլտվությունը կստանա և կներկայացնի, կստանա նաև բեռը։ Այսօր այդչափ արդեն գործընթացը պարզեցված է»,- ասաց նա։ 

Դեղերի ներկրումը կարգավորվում է կառավարության համապատասխան որոշմամբ

Առողջապահության նախարարությունից Fip.am-ի հետ զրույցում ասացին, որ հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և արտահանելու կարգը սահմանված է կառավարության N 202-Ն որոշմամբ։ Ընթացակարգի կարգավորման լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է։ 

Որոշման 51-րդ կետում նշվում է, որ դիմումատուի կողմից միջազգային փոստային առաքանիների միջոցով այլ երկրից ուղարկված բեռն ստանալու դեպքում մաքսային ծառայության ներկայացուցիչը «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգում մուտքագրում է ներմուծման մասին հայտ՝ կցելով լիազոր մարմնի նախնական թույլտվության պատճենը: Այս դեպքում խնդիրը բարձրացված անձից պահանջվել է Առողջապահության նախարարության թույլտվության պատճենը։ 

Ի դեպ, Առողջապահության նախարարությունից նաև հայտնեցին, որ բարձրացված խնդրի առնչությամբ իրենց հետ որևէ մեկը կապ չի հաստատել։

Սփյուռքի տարբեր համայնքներից հայրենիք օգնություն ուղարկելու ճշգրիտ ընթացակարգը 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի ավագ մասնագետ Ամալյա Կարապետյանը Fip.am-ին ասաց, որ հնարավոր խնդիրներից խուսափելու համար պետք է համագործակցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ։ 

«Այս օրերին սփյուռքի տարբեր համայնքներից հայրենիք օգնություն ուղարկելիս հնարավոր խնդիրներից խուսափելու և ճշգրիտ ընթացակարգով առաջնորդվելու համար խնդրում ենք կապ հաստատել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ (հեռ.՝ (+37410) 58-91-55, էլ. փոստ` [email protected]ֆբ էջ): Օգնությունը կարող է հասցեագրվել ինչպես ՀՀ որոշ գերատեսչությունների, այնպես էլ ֆիզիկական անձանց կամ հասարակական կազմակերպությունների, և գործընթացը հնարավորինս անխոչընդոտ և համակարգված կազմակերպելու համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ համագործակցությունն անհրաժեշտ է»,-նշում են հանձնակատարի գրասենյակից: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան օգնություն ուղարկելու որևէ խոչընդոտ չկա։

Նելլի Լազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել