ԵԱՀԿ ԽՎ նախագահն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու կոչերին |armenpress.am|
19:36 - 06 հոկտեմբերի, 2020

ԵԱՀԿ ԽՎ նախագահն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու կոչերին |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրանից դուրս շարունակվող արյունահեղությունը: Այս մասին ասված է ԵԱՀԿ ԽՎ տարածած հաղորդագրության մեջ:

Ծերեթելին կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն` ի շահ քաղաքացիական բնակչության: Նախորդ շաբաթվա ընթացքում նա ուղիղ կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, ընդգծել ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը ու կոչ արել երկու կողմերին` վերսկսել բանակցային գործընթացը:

«Մենք, ինչպես նախկինում, լրջորեն մտահոգված ենք հակամարտության գոտում զոհերի թվի ավելացման մասին հաղորդագրություններով, մասնավորապես տեղի բնակչության վրա ունեցած հետևանքներով, որոնք, չնայած քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորություններին, շարունակում են տառապել շարունակվող ռազմական գործողություններից»,- հայտարարել է Ծերեթելին:

Գեորգի Ծերեթելին ընդգծել է, որ լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև այդ երկրների նախագահների ու Արտաքին գործերի նախարարությունների կոչերին՝ դադարեցնել կրակը։

ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաև մտահոգություն է հայտնել արգելված կասետային ռումբերի կիրառման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ՝ նշելով, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը 2008թ. ընդունել է բանաձև, որում կոչ է արել ԵԱՀԿ բոլոր անդամ պետություններին արգելել կասետային զենքերի կիրառումը, արտադրությունը, ձեռքբերումը, պահպանումը կամ փոխանցումը:

Ծերեթելին բոլոր կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այդ զենքի կիրառումից և ամբողջովին պահպանել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային իրավունքի պահանջները։

«Միանգամայն անընդունելի է, որ տարածաշրջանում կան կարևոր ենթակառուցվածքների ոչնչացման սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել հումանիտար աղետների։ Ուժի շարունակական կիրառումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք շարունակելու ենք մեր բոլոր ջանքերը ներդնել՝ նպաստելու հաշտեցման քաղաքական կամքի ձևավորմանը»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների հարթակ տրամադրել կողմերի խորհրդարանականներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել