13 կուսակցություններ դիմել են գլխավոր դատախազին Գագիկ Ծառուկյանին ազատ արձակելու համար
12:14 - 06 հոկտեմբերի, 2020

13 կուսակցություններ դիմել են գլխավոր դատախազին Գագիկ Ծառուկյանին ազատ արձակելու համար

13 կուսակցություններ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը:

Գրության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի և Արցախի Հանրապետություններում պատերազմական իրավիճակից ելնելով, նկատի ունենալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ավանդը Հայաստանի Հանրապետության պետականաշինության, բանակաշինության և բարեգործական ոլորտներում, ինչպես նաև ունեցած միջազգային մեծ կապերը, պետության շուրջ քաղաքական ուժերի համախմբվածության, ներազգային հաշտության ու համերաշխության հրամայականը` ներքոստորագրյալ կուսակցությունները գտնում են, որ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։

Քրեական գործի հարուցումից հետո շուրջ երեք ամիս Գագիկ Ծառուկյանը գտնվել է ազատության մեջ, որի ընթացքում որևէ կերպ չի խուսափել նախաքննության մարմնից, որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը։ Ավելին` Գագիկ Ծառուկյանն իր բազմաթիվ հայտարարություններով և գործողություններով ապացուցել է, որ պատրաստ է լիարժեքորեն կատարել քրեադատավարական կանոններով սահմանված իր բոլոր պարտականությունները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ կուսակցություններս միջնորդում ենք վերացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը կամ ընտրել «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը»:

Հայտարարությունը ստորագրել են «Ազգային Օրակարգ», «ԱԻՄ», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Դեմկուս», «ՀՅԴ», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Դեմոկրատական այլընտրանք», «Ազգային անվտանգություն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել