Այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են․ Արսեն Թորոսյան
10:47 - 06 հոկտեմբերի, 2020

Այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են․ Արսեն Թորոսյան

Երեկ ուշ երեկոյան վերադարձել եմ Ստեփանակերտից։ Իրավիճակն այնպիսին է, որ Ստեփանակերտն ամբողջությամբ ռմբակոծության տակ էր, եւ որեւէ տարբերություն չկար հրթիռների թիրախների առումով, թիրախները ե՛ւ ռազմական օբյեկտներն էին, թե՛ քաղաքացիական, հատկապես ենթակառուցվածները, ինչը խաթարում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը։ Այս մասին այսօր Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Արցախի բժշկական համայնքը եւ ՀՀ-ից մեկնած մեր գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետեւ Ստեփանակերտն ու այլ քաղաքները ռմբակծության տակ են, եւ շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել օգնության կարիք ունեցող քաղաքացիներին»,- նշեց Թորոսյանը։

Նախարարը ընդգծեց, որ ականատես է եղել Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին։

«Հիվանդանոցն ուղղակի դղրդաց, եւ հավանականությունը մեծ էր, որ հարվածը կարող էր լինել հենց հիվանդանոցին։ Տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրություննը՝ մեր բժշկական անձնակազմ այնպիսի տպավորություն ունի, որ չի բացառվում ուղիղ հարված լինի նաեւ բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն՝ խաղաղ բնակչության նկատմամբ»,- հավելեց նա։

Թորոսյանը ասա, որ ամբողջ Ստեփանակերտը նման բեկորների մեջ է այս պահին և ցույց տվեց այն։

«Արգելված զինատեսակներով հարվածում են գրեթե ամեն ինչին, նույնիսկ մեքենայով տեղափոխվելու ընթացքում ականատես ես լինում քանդված, հողին հավասարեցված շենքերին, ինչն անթույլատրելի է։ Չնայած այս ամենին՝ մենք մեր հայրենակիցների կողքին ուժեղ կանգնած ենք, Հայաստանի եւ Արցախի ողջ բժշկական հանրությունը իր մյուս ոչ պակաս կարեւոր գործերը թողած՝ զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ, տարհանմամբ։ Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ հաղթելու ենք»,- նշեց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նաև ասաց, որ այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են, որովհետեւ այս պատերազմը, փաստացի, օդային կամ հրետանային կամ ԱԹՍ-ներով պատերազմ է։

«Մարմինների մեջ բազմաթիվ բեկորներ են, որոնք առաջացնում են լուրջ վիրավորում կամ մահ»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ Արցախի թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ բոլոր դեղորայքներով, պարագաներով, բժշկական սարքերով եւ արյան պաշարներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել