Կոչ եմ անում մեկ տարվա ընթացքում զորացրվածներին կամավոր զինվորագրվել․ Նիկոլ Փաշինյանի մարտակոչը
17:24 - 05 հոկտեմբերի, 2020

Կոչ եմ անում մեկ տարվա ընթացքում զորացրվածներին կամավոր զինվորագրվել․ Նիկոլ Փաշինյանի մարտակոչը

Իմ կոչը հետեւյալն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները ներկայանան կենտրոնական հավաքակայան, Չարբախում է գտնվում։ Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ իրենք ուղղակի մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու չեն հրավիրվում, այլ հայրենիքի համար կենաց-մահու կռիվ տալու։ Նրանք, որոնք պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող միանգամից ներկայանան այդ հագուստներով եւ փաստաթղթերով»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քանի որ այս հատվածի մեր տղաների մոբիլիզացիոն պլան նախատեսված չի եղել, եւ ես խնդրում եմ որպես կամավոր դա անել, խնդրում եմ, որ նրանք, որոնք ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, թող դրանք որեւէ ձեւով ուղարկեն եւ կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան։

«Ես, իհարկե, անհրաժեշտ հանձնարարականները տվել եմ, որպեսզի անվտանգության բոլոր միջոցառումները պահպանվեն։ Գուցե ճանապարհին կկարգավորվի նրանց երթը, որպեսզի ամեն ինչ անվտանգ տեղի ունենա»,- ընսգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ օրենքը չի նախատեսել վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված տղաներին զորահավաքային մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ ներգրավել։

«Բայց ես հիմա նրանց բոլորին խնդրում եմ որպես կամավորական զինվորագրվել։ Ինչպես ասել եմ՝ սա մի նոր Սարդարապատ է, եւ մենք կողք-կողքի, ուս-ուսի պետք է կանգնենք եւ մեր հակառակորդի ողնաշարը պիտի ջարդենք, եւ մենք պետք է հաղթենք։ Ես հավատում եմ, որ այսպիսի տասը հազար տղա կա այսօր ՀՀ-ում, եւ եթե նրանցից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»,- նշեց Փաշինյանը։

Նա ասաց՝ ինչ խնդիրներ կկատարեն, որտեղ կկատարեն այդ խնդիրները, արդեն կկազմակերպի հրամանատարությունը։

«Ձեզնից էլ որոշակի հրամանատարական օղակներ կձեւավորվեն։ Ես նորից ասեմ, խոսքը ոչ թե ուղղակի ծառայության մասին է, այլ կենաց-մահու կռվի մասին։ Եւ ես հավատում եմ, որ մենք իրար հետ կկարողանանք այդ կռիվը տալ եւ հաղթանակն ապահովել այս պատերազմում ՀՀ-ի, Արցախի։ Տղե՛րք, հույս եմ դնում ձեզ վրա, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- հավելեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև կոչ արեց գալ զինվորական հագուստներով, եթե չկա՝ իրենք կապահովեն։

«Ով պատահաբար ունի սաղավարտ, զրահաբաճկոն, տաք վերարկուներ, եւ այլն, որովհետեւ սա մոբռեսուրսի մեջ չի մտնում, խնդրում եմ տանել-թողնել կենտրոնական հավաքակայանում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել