Ինքնորոշված սուբյեկտի դեմ երեք անգամ պատերազմ սանձազերծած կողմի տարածքային ամբողջականության իրավունքի հարգումը խրախուսանք է՝ դա անելու չորրորդ անգամ․ ՔՈ
13:43 - 05 հոկտեմբերի, 2020

Ինքնորոշված սուբյեկտի դեմ երեք անգամ պատերազմ սանձազերծած կողմի տարածքային ամբողջականության իրավունքի հարգումը խրախուսանք է՝ դա անելու չորրորդ անգամ․ ՔՈ

Արցախի նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկիզբ առած ագրեսիան իր բնույթով ամենախոշորն ու ամենականխատեսելին էր 1994-ից ի վեր։ Տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա համարելով և այն դնելով Արցախի հարցի կարգավորման հիմքում՝ միջազգային հանրությունը Ադրբեջանին առիթ և հնարավորություն է տալիս անընդհատ զենքի կիրառմանը դիմելու համար։ Բանակցությունների գործընթացը մեծ ու փոքր ագրեսիայի ակտերով փոխարինելու գործելաոճը պարբերական բնույթ է կրել գործընթացի ամբողջ ընթացքում։ 26 տարի շարունակ զոհեր ենք ունեցել թե՛ խաղաղ բնակչության, թե՛ զինվորների շրջանում։ Դրա պատճառով Հայաստանն ու Արցախը կրել են նյութական մեծ վնաս։

1992թ.-ի հունվարի 30-ին Հայաստանը և Ադրբեջանը, անդամակցելով ԵԱՀԽ-ին (ԵԱՀԿ), պարտավորություն են ստանձնել հարցը լուծել բացառապես խաղաղ բանակցություններով։ Առաջին իսկ հնարավորության դեպքում՝ 1992թ.-ի փետրվարից Ադրբեջանը ձեռնարկել է իր առաջին լայնածավալ ռազմական գործողությունը՝ խախտելով ստանձնած պարտավորությունը։ Այդ ագրեսիային դիմակայելու արդյունքում ձևավորվել են Արցախի ներկայիս սահմանները։ Ադրբեջանը, պարտվելով իր իսկ սանձազերծած պատերազմում, 2016 և 2020 թվականներին երկրորդ և երրորդ անգամ է գնացել լայնածավալ ագրեսիայի՝ բացարձակ անտեսելով իր միջազգային պարտավորությունները։

Միջազգային հանրությունը պարտավորությունների այս անտեսմանը և ագրեսիային հակադրել է բացառապես խաղաղության կոչեր և կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ջանքեր, որոնք փաստացի չեն զսպել Ադրբեջանին արարքը կրկնելու երկրորդ անգամ, երրորդ անգամ։ Ժամանակն է փոխել բանակցությունների տրամաբանությունը և հարցը կարգավորելու մոտեցումները։ Ինքնորոշված սուբյեկտի դեմ երեք անգամ լայնածավալ պատերազմ սանձազերծած, դրա արդյունքներով պարտված ու տարածք կորցրած կողմի տարածքային ամբողջականության իրավունքի հարգումը ոչ այլ ինչ է, քան խրախուսանք՝ դա անելու չորրորդ անգամ։ Չի կարող ագրեսորը պատերազմում պարտվել, տարածքներ կորցնել, ապա բանակցություններով դա հետ ստանալ՝ մեջբերելով տարածքային ամբողջականության սկզբունքը։ Միջազգային հանրության կողմից տարածքային կորուստները բացառող այդպիսի երաշխիք ունենալը խրախուսում է ագրեսիան ոչ միայն մեր դեմ, այլև աշխարհի ցանկացած կետում։

Արցախահայությունը դեռևս երեք տասնամյակ առաջ կայացրել է իր որոշումը՝ որևէ կարգավիճակով չլինել Ադրբեջանի կազմում։ Անցնող երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի ագրեսիվ գործելաոճը, կատարած ավերածությունները, սպանությունները, մարդու իրավունքների մասին միջնադարյան պատկերացումները մի կողմից, իսկ Արցախի զարգացումը, ժողովրդավարացումը, պետական ինստիտուտների կազմավորումը մյուս կողմից էլ ավելի են ամրապնդել այդ որոշման անդառնալիությունը։ Ուստի Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի մի մասը։

Կարծում ենք՝ սրանք են այն մոտեցումները, որոնք Հայաստանը պետք է որդեգրի որևէ բանակցային սեղանի շուրջ նստելիս, քանզի բանակցությունները, որտեղ խոսք են գնում ագրեսորի տարածքային ամբողջականության մասին՝ իրենց բնույթով անպտուղ են և, ինչպես ցույց է տալիս տվյալ դեպքում տասնամյակների փորձը, շանտաժի և պատերազմ սանձազերծելու լայն հնարավորություն են տալիս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել