Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է ձեր դաստիարակած սերունդը․ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ
10:19 - 05 հոկտեմբերի, 2020

Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է ձեր դաստիարակած սերունդը․ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առիթով

«Մեծարգո՛ Ուսուցիչ,

Մեր ժողովրդի համար բախտորոշ այս օրերում հաղթանակի ճանապարհին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ արևշատություն, անսասան հավատ ու լավատեսություն: Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է Ձեր դաստիարակած սերունդը, որ խորապես ճանաչում ու զգում է հայրենասիրությունը, որ անձնվիրաբար սիրում ու հերոսաբար պաշտպանում է իր Հայրենիքը:

Այդ սերն ու նվիրումը Դո՛ւք եք նրանց ներարկել, պայքարի անկոտրում ոգին Դո՛ւք եք նրանց մեջ կերտել: Եվ ուրեմն, խոնարհվելով Ձեր վաստակի առաջ՝ փա՛ռք մեր զինվորներին: Երբ թիկունքն ամուր է կրթությամբ ու մշակույթով, ճակատում պայքարը համառ է ու հաղթանակող: Սիրելի՛ ուսուցիչներ, ձեզ բախտ է վիճակվել կրթել այն ժողովրդի զավակներին, որ կրում է դարերի ոգին, գալիքի կամքն ու երազանքը. երբեք չդադարեք հայ մանուկի առաջ բացել երազելու կախարդական դռները: Այդ երազանքն է նրան այսօր սահմանին ուժեղ պահում:

Ձեր կոչումն անփոխարինելի է, գործը՝ բարդ ու պատասխանատու։ Դուք չերկնչեցիք համավարակի պայմաններում և ջանք չխնայեցիք կրթության շարունակականության համար՝ ինքներդ հընթացս հաստատակամորեն սովորելով և նախաձեռնելով։ Եվ այսօր ձեր գործն անում եք կրկնակի մարտահրավերներին դիմակայելով՝ փոխանցելով ոչ միայն գիտելիք, այլև կամք, համառություն և լավատեսություն, ուստի, թող այն այսօր պսակվի սահմանին կանգնած զինվորի հաղթանակով՝ ի նշանավորումն այս կարևոր տոնի:

Շնորհակալ եմ, որ այս օրերին ճակատում զավակ, եղբայր, ամուսին ունենալով՝ դասարան մտնելիս երեխաներին ապագայի նկատմամբ լուսավոր հավատի, հայրենասիրության ու խիզախության դասեր տալու ուժ եք գտնում ձեր մեջ…

Կեցցե՛ թիկունքը պահող Ուսուցիչը,

Փա՛ռք սահմանին կռվող Զինվորին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել