Մինչեւ վերջին մարդը, վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու․ նման պարագայում անհնար է հաղթել մեզ․ Արցախի նախագահ
14:10 - 04 հոկտեմբերի, 2020

Մինչեւ վերջին մարդը, վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու․ նման պարագայում անհնար է հաղթել մեզ․ Արցախի նախագահ

Հակառակորդն արդեն մի քանի օր է՝ ռմբակոծում է ոչ միայն բնակավայրերը, այլ նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ Սմերչով, Պոլոնեզով, ամենաժամանակակից հեռահար հրթիռային համակարգերով։ Ստեփանակերտի գլխին ամեն վայրկյան պտտվում են տարբեր ԱԹՍ-ներ եւ չեն դադարում հրթիռակոծել Ստեփանակերտը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Եվ այսօր առաջին անգամ իմ հրամանով Արցախի ԶՈՒ ստորաբաժանումները համազարկ են տվել։ Նշել էի ժամանակին, հուշել էի ժամանակին, զգուշացրել էի։ Ափսոսում եմ, որ մեր պատմական Գանձակին՝ Գյանջային, Կիրովաբադին ենք խփել՝ նրանց զինվորական մշտական տեղակայման վայրերին»,- ասաց նա՝ հավելելով, որ խփել ենք, որովհետեւ նրանք են պարտադրել։

Նա կոչ արեց հակառակորդին ուշքի գալ, որովհետեւ շարունակելու ենք այլ քաղաքների էլ, և որ այս կրակը եղել է նախազգուշացման կրակ

«Դուք եք սկսել այս պատերազմը, դուք եք առաջին հերթին խախտել հումանիզմի կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Ժամանակ ունեք, մտածեք։ Նշում եմ՝ մինչեւ վերջին մարդը, մինչեւ վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու։ Նման պարագայում անհնար է հաղթել մեզ»,- ընդգծեց Արցախի նախագահը։

Նա նաև կոչ արեց սփյուռքում եւ Հայաստանում ապրող հայրենակիցներին։

«Սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է։ Ուզում եմ, որ այս համախմբվածությունը շարունակի մնալ՝ օգնելու մեր տարհանվածներին։ Ուզում՝ եմ համախմբվենք իշխանությունների շուրջ, որովհետեւ այսօր, քան երբեւէ, ԱՀ եւ ՀՀ իշխանության դերը բարձր է, պատասխանատու է, վճռորոշ է։ Ուզում եմ՝ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ո՛չ ադրբեջանցիների»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ ուզում է, որ մեր հայերը գիտակցեն, որ Ադրբեջանի ժողովուրդը գերի է բռնապետ իշխանության եւ Թուրքիայի ձեռքին, որովհետեւ նրանց աշխարհաքաղաքական կեղծ ձգտումների եւ իշխանությունը պահելու մոլուցքի տակ տառապում են։

«Տառապում են, որովհետեւ այս ամբողջի խնդիրները, հետեւանքները քաղելու է խաղաղ ժողովուրդը։ Դրա համար Ադրբեջանի ժողովուրդը եւս տուժող կողմ է լինելու իր իշխանության եւ Թուրքիայի ձեռքին։ Դրա համար մենք աշխարհով մեկ պետք է պայքարենք Ադրբեջանի իշխանության դեմ։ Եւ այդ պայքարի ձեւերը դուք գիտեք։ Այս փուլում պայքարեք քաղաքակիրթ եղանակով, բայց նշում եմ՝ այս փուլում»,- հավելեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիեւի ընտանիքը։

Հարությունյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլորին։

«Ուզում եմ, որ պատրաստ լինենք կյանքի գնով պաշտպանելու մեր հողը, մեր հայրենին, մեր սերունդների ապագան։ Հաղթանակը մերն է լինելու, չկասկածե՛ք»,- եզրափակեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել