Դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ․ Արծրուն Հովհաննիսյան
21:24 - 03 հոկտեմբերի, 2020

Դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին այդպիսի թեժ մարտական գործողություններ չեն մղվում, բայց մենք հետեւում ենք, վերահսկում ենք հակառակորդի գործողությունները։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր ԶՈՒ-երն այստեղ էլ իրենց խնդիրը կատարում են բարձր մակարդակով։ Խուճապի մատնվել պետք չէ, ամեն չնչին փորձ արագ կասեցվում է»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե ինչ դիրք է վերցրել հակառակորդը, Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ ուղղության մասով մարտավարական բնագծեր չի կարող ներկայացնել։

«Կոնկրետ ով որ պահին որ դիրքի վրա է գտնվում, չեմ կարող նշել։ Ծանր ու համառ մարտեր են գնում, դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, հետեւաբար առանձնահատուկ ֆիքսվել պետք չէ։ Այսպիսի մեծ պատերազմում դիրքային փոփոխությունները բնական երեւույթ են, մեկ ժամ հետո կվերցնենք էս մի դիրքը, մի ժամ հետո կարող ենք թողնել, եւ այլն»,- ընդգծեց նա։

Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին, ասաց, որ քաղաքակիրթ աշխարհի արձագանքները Ադրբեջանի վայրագություններին, արգելված զինատեսակների կիրառմանը, բավականին տեղին են, դրանով զբաղվում են մեր համապատասխան մարմինները։

«Բայց պետք է շեշտել, որ երեկ ու այսօր Ստեփանակերտն ու Արցախի այլ քաղաքներ մի քանի անգամ ենթարկվել են կասետային արկերով հրետակոծությունների»,- նշեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նաև ասաց, որ զոհերի մասին հայտնում ենք հստակեցումից հետո՝ առանց որեւէ վայրկյան սպասելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել