Արցախում ստեղծվել է վնասների գնահատման հանձնաժողով, արդեն վաղվանից նախատեսում են սկսել նաեւ խաղաղ բնակչության շրջանում բնակելի շենքերի եւ այլ օբյեկտների վերանորոգում եւ վերականգնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Նա հայտնեց նաեւ, որ այս պահի դրությամբ Արցախի համար ընդհանուր հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն ԱՄՆ դոլարը, կա նաեւ իրային օգնություն։ Ի դեպ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ այդ օգնության տրամադրումը կլինի ավելի կանոնակարգված, հիմա մշակում ենք այդ պրոցեսի ընթացակարգերը, օգնությունը կտեսակավորվի, ծառայությունների միջոցով կտեղափոխվի Արցախ։ 

Վաղվանից կգործի նաեւ թեժ գիծ, որը կտա պատասխաններ Հայաստան-Արցախ փոխադրումների եւ ելք-մուտքի մասին։ 

Արցախի պետնախարարը հայտնեց, որ վճարվում են բոլոր աշխատավարձերը, որ նախատեսված էին պետական բյուջեով, նույն կերպ նաև թոշակներն ու նպաստներն են վճարվելու։ Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ այս առումով խնդիրներ չեն լինի։ Նա շեշտեց, որ նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ հարկատուները նախորդ 9 ամսում վճարել են նախատեսվածից 200 միլիոն դրամով ավելի։ 

Պետնախարարի վստահեցմամբ՝ կոմունալների չվճարման դեպքում Արցախում անջատումներ չեն լինի։ Այդ առումով ընկերությունները ցուցաբերել են բավարար օգնություն։ 

Որոշում է ընդունվել նաեւ, որպեսզի մոտ ժամանակներս հանրության կողմից լայն սպառվող ծառայությունները լինեն անվճար։ Ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ շրջկենտրոններում տնտեսվարողները, առեւտրի օբյեկտները ցուցաբերում են անհրաժեշտ գիտակցված մոտեցում։ 

Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարեց, որ ամբողջ բնակչության հաշվարկով թաքստոցների հնարավորություն ունեն, անհրաժեշտության դեպքում հավելյալ ռեսուրսներ էլ ունեն։ Նա շեշտեց, որ Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում։ Տարհանվել են որոշ գյուղեր, որոնք սահմանամերձ են եւ մարտի գծից մի քանի կմ հեռավորության վրա են, իսկ Ստեփանակերտ քաղաքի տարհանման որոշումը կընդունվի հիմնավոր հանգամանքների առաջացման դեպքում։