Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խումբը մտահոգություն է հայտնել Արցախում կատարվողի վերաբերյալ
14:29 - 02 հոկտեմբերի, 2020

Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խումբը մտահոգություն է հայտնել Արցախում կատարվողի վերաբերյալ

Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահության՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:

«Խմբի համանախագահները խստորեն դատապարտում են 2020թ. սեպտեմբերի 27-ին` կիրակի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարի գծի ողջ երկայնքով իրականացված պլանավորված լայնածավալ հարձակումը՝ ցամաքային, օդային և հրթիռային միջոցների կիրառմամբ։ Դիմելով Դաշնային խորհրդին՝ խնդրում են անմիջապես միջամտել անհապաղ կանգնեցնելու համար այս հարձակումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքների և հատկապես քաղաքացիական բնակչության դեմ, որոնց շրջանում արդեն իսկ կան զոհեր։ Այս հարձակումները մեզ վերադարձնում են պատերազմի ամենադաժան շրջանը, երբ 1991-1992 թվականներին ադրբեջանական ուժերը ռմբակոծում էին Ստեփանակերտը։

Ադրբեջանը հարձակվեց նաև Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և պատճառելով զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Կեսօրից հետո, ռազմական հարձակում գրանցվեց անմիջականորեն Թուրքիայի կողմից, որը, խախտելով Հայաստանի օդային տարածքը, խոցեց հայկական բանակի ինքնաթիռ հենց Հայաստանի տարածքում, ինչը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն։ Մեր խմբի համանախագահությունը խստորեն դատապարտում է այս գործողությունը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։

Խմբի համանախագահությունը սատարում է ԵԱՀԿ-ի ջանքերին, որի անդամ է հանդիսանում նաև Շվեյցարիան, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք ներառում են ինքնորոշման իրավունքը, սահմանների անձեռնմխելիությունը և հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը։ Ուժի կիրառումը, հատկապես քաղաքացիական անձանց նկատմամբ, անընդունելի է և պետք է խստորեն դատապարտվի։

Համանախագահությունը մեծապես մտահոգված է նաև այս հակամարտությանը Թուրքիայի աճող դերակատարմամբ, ինչը ոչ միայն ավելին է, քան պարզ եղբայրական փոխհարաբերությունների դրսևորում Ադրբեջանի հետ, այլև հանգեցնում է միջազգային իրավունքի կոպիտ խախտմանն ու ողջ տարածաշրջանի ապակայունացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Հայտարարությունը ստորագրվել է Շվեյցարիայի պառլամենտի ստորին պալատի նախագահ Իզաբել Մորեի կողմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել