Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան․ պարզվել է, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով
10:34 - 02 հոկտեմբերի, 2020

Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան․ պարզվել է, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով

Երեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով։ Հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ծանր հրանետներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը, օգտագործել է նաեւ զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Նա նշեց, որ մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակն աննախադեպ են եղել՝ հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Օպերատիվ-մարտավարական եւ մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել։ Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հերտակոծումները շարունակվել են անընդմեջ։ ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը։ 

ՊԲ փոխհրամանարը հայտնեց, որ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան, որի վերծանման եւ օգտագործման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով։ 

Ինչ վերաբերում է հակառակորդի կորուստներին, դրանք են՝ 39 զրահատեխնիկա, 4` ՍՈՒ25 ինքնաթիռ, 3` ՄԻ24 ուղղաթիռ, 17՝ ԱԹՍ, անձնակազմի կորուստը՝ շուրջ 830, ոչնչացվել է նաեւ հրետանային դիվիզիոն։ 

Ցավոք, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են Պաշտպանության բանակի 54 մարտիկներ։ Վիրավորների քանակը ճշտվում է։ 

Արթուր Սարգսյանը, պատասխանելով դիակների փոխանակման հարցին, նշեց, որ դրա համար անհրաժեշտ է առնվազն ժամանակավոր հրադադար, իսկ այս պահին հրադադարի միտում չկա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել