Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայումը վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար. ՀՀ ԱԳՆ

 |armenpress.am|
22:59 - 01 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանում ահաբեկիչների տեղակայումը վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am:  Ադրբեջանում Թուրքիայի միջոցով Սիրիայից և Լիբիայից ահաբեկիչ զինյալների, իսլամիստ արմատականների և ջիհադիստական շարժումների մասնակիցների տեղակայումը վտանգ է ներկայացնում ոչ միայն տեղի, այլև հարևան տարածաշրջանների համար: Այս մասին հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան ունի հեռահար նպատակներ և կործանարար հետևանքներ կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգության և կայունության առումով: Ահաբեկիչ զինյալները, իսլամիստ արմատականները, ջիհադիստական շարժումները դարձել են Թուրքիայի վարձկաններ և լայնորեն կիրառվում են` նախագծելու Թուրքիայի ներկայիս ղեկավարության շահերը և հարևան տարածաշրջաններ արտահանելու Թուրքիայի քաղաքականությունը: Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս, որպես Թուրքիայի այս քաղաքականությանը ծառայելու միջոց, և մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի, որպես այդպիսի խմբավորումների տեղակայման վայր, ավելին, այդ ահաբեկիչների ներկայությունը կվերածի Ադրբեջանը և տարածաշրջանը արյունահեղության հերթական դաշտի: Ապագայի այսպիսի հեռանկարը խիստ մտահոգում է ոչ միայն Հայաստանին և Արցախին, այլև այն վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը, վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար»,- ասաց Նաղդալյանը:

Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի այդ մտահոգությունները ներկայացնի իր բոլոր գործընկերներին, Թուրքիայի նման ապակայունացնող քաղաքականությունը ստանա իր համարժեք գնահատականը և, ի վերջո, զսպվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել