ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում Ադրբեջանին աջակցելու համար․ Sky News Arabia
22:40 - 01 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում Ադրբեջանին աջակցելու համար․ Sky News Arabia

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարտերի բռնկումից օրեր անց ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկաններ են ուղարկվում` Հայաստանի դեմ հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու համար: Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։

Պաշտոնյան, որը խնդրել է իր անունը չհիշատակել, Sky News Arabia-ին հայտնել է․

«Այն տվյալներն ու տեղեկությունները, որոնք խոսում են վերջին օրերին Թուրքիայից Ադրբեջան սիրիացի հարյուրավոր վարձկաններ տեղափոխելու համար կատարված տասնյակ ուղևորությունների մասին, հավաստի են»:

Նա նախազգուշացրել է, որ շարունակական կլինի Անկարայի և Մոսկվայի անմիջական միջամտությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտությանը՝ տարածաշրջանում երկու կողմերին բոլոր միջոցներով աջակցելու պատճառով։

Այն, ինչ այժմ տեղի է ունենում, պաշտոնյան որակել է «փոքր պատերազմ ՝ մեծ հետևանքներով», ինչը, ըստ նրա, հակամարտության կարգավորման հասնելը անհնարին է դարձնում, քանի որ «կողմերից և ոչ մեկը չի հանձնվելու»:

Պաշտոնյան պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հակամարտության բռնկումը իր հետևանքներն ու անվտանգության լայն մարտահրավերներն է նետում ՆԱՏՕ-ի երկրների,  ինչպես նաև  տարածաշրջանային անվտանգության և միջազգային էներգետիկ շուկաների վրա` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունները սահմանափակող որևէ զսպման ռազմավարության բացակայության դեպքում:

Մյուս կողմից, ԱՄՆ կառավարական աղբյուրները Sky News Arabia-ին հայտնել են, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները առաջիկա օրերի համար արդեն առաջարկներ են ներկայացնում՝ նշելով Էրդողանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունն այս հակամարտության շուրջ նրա վարած քաղաքականության համար, չբացառելով Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը:

 

Թարգմանությունը՝ Մերի Չփլախյանի

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել