Գիշերվա և առավոտվա մարտերի ընթացքում խոցվել է ևս մեկ սմերչ կայան․ Արծրուն Հովհաննիսյան
12:11 - 01 հոկտեմբերի, 2020

Գիշերվա և առավոտվա մարտերի ընթացքում խոցվել է ևս մեկ սմերչ կայան․ Արծրուն Հովհաննիսյան

Լուսաբացից որոշակիորեն թեժացել են մարտերը։ Մարտական գործողությունների ուղղություններն, ըստ էության, նույնն են։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

«Գիշերվա եւ վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում ունենք հետեւյալ պատկերը՝ հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն։ ՀՀ ԶՈՒ-երը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, նրանց զոհերը 350-360 են, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 ՍՄԵՐՉ կայան, 6 ԱԹՍ, որից մոտ երեքը՝ կեսգիշերի սահմաններում են խոցվել»,- ասաց նա։

Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառմանը, որում նա նշել էր, որ լավ լուր է սպասվում, ասաց, որ այն, ամենայն հավանականությամբ, քիչ առաջ խոցված ուղղաթիռի մասին էր։

«Ուղղաթիռն, ինչպես հայտնել ենք, ընկել էր Իրանի տարածքում, ինչի համար արդեն ներողություն ենք խնդրել, որ ուղղակի սահմանի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունները անխուսափելի են դարձնում նման դեպքերը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հովհաննիսյանը ընդգծեց, որ Վարդենիսում այս պահին ակտիվ մարտական գործողություններ չկան։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել