Ադրբեջանի համառ ջանքերով բանակցային գործընթացն արդեն տապալված է․ պետք է գնալ Արցախի ճանաչման ճանապարհով․ Տարոն Սիմոնյան
20:38 - 30 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանի համառ ջանքերով բանակցային գործընթացն արդեն տապալված է․ պետք է գնալ Արցախի ճանաչման ճանապարհով․ Տարոն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի պնդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում (ՄԱԿ) անհապաղ պետք է նախաձեռնել Ադրբեջանի պատասխանատվության հարցը՝ իր միջազգային պարտավորությունների կոպիտ խախտումների հիմքով։

Infocom-ի հետ զրույցում պատգամավորը նկատեց՝ արտաքին քաղաքականության բնագավառում մենք, կարծես թե, դիվանագիտական բոլոր լծակներով անընդհատ տեղեկություն ենք ներկայացնում մեր գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, բայց այստեղ, մեր զրուցակցի համոզմամբ, կարեւոր է օգտագործել նաեւ դատաիրավական գործիքները, օրինակ՝ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում միջանկյալ գործողություները, ինչն, ի դեպ, արդեն արվել է։

Երեկ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել։ ՄԻԵԴ-ը կոչ է արել ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ 

«Սակայն կարեւոր է նաեւ Արդարադատության միջազգային դատարանում գործողություններ սկսել՝ ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվեցիայի շրջանակներում, որը եւս խախտում է Արդբեջանը, երբ հայատյացության քողի ներքո քաղաքացիական անձանց եւ օբյեկների վրա թիրախավորված հարձակում է իրականացնում։ Այս ճակատում մեզնից կախված բոլոր գործողություններն անելու դեպքում մենք արդեն կհասնենք այն հաջողությանը, որ միջազգային հանրությունը ի վերջո կգիտակցի, որ պետք է օր առաջ սանձել ագրեսոր պետության գործողությունները»։

Սիմոնյանի խոսքով՝ մենք պետք է միջազգային հանրությանը տանք օբյեկտիվ տեղեկություն, որպեսզի բոլոր սուբյեկտները հասկանան, որ այստեղ խոսքն ագրեսիայի մասին է, որը սանձազերծել է Ադրբեջանը․

«Այս պետությունը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության կաեւորագույն սկզբունքներից մեկը՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի արգելքը եւ վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու՝ պետությունների պարտավորություն։ Եվ բոլոր պետությունները պետք է իմանան, որ էստեղ, փաստորեն, հնարավորություն է առաջացել Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների վերաճումը դեպի միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի, ինչը արդեն իսկ բավականին մեծ վտանգ է սպառնում ոչ միայն կոնկրետ փոքր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին, այլ նաեւ ավելի լայն գործողությունների կատարմանը։ Միջազգային հանրությունը պետք է ավելի արագ արձագանքի իրադարձությունների շիկացմանը, որովհետեւ հնարավոր է նաեւ անկանխատեսելի հետեւանքների առաջացում։ Այն, ինչ մեզնից հասել է, մենք արել են, մնում է միջազգային հանրությունը դրան ավելի լուրջ մոտենա»։ 

Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը՝ Տարոն Սիմոնյանի ու ԼՀԿ-ի համոզմունքն այն է, որ մենք պետք է որպես նպատակ հռչակենք միավորման գործընթացը, ինչը ամրագրված է մեր Անկախության հռչակագրում․

«Բայց միացման տանող ճանապարհը պետք է գնա անկախության ճանաչումով, որից հետո անմիջապես պետք է սկսի արդեն միավորման գործըթնացը։ Այդտեղ արդեն մարտավարական քայլեր կարող են կատարել»։

Իսկ թե ճանաչման եւ միավորման պարագայում ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, արդյոք Թուրքիան լայնածավալ պատերազմական գործողությունների չի՞ անցնի Հայաստանի սահմանին, մեր զրուցակիցը շեշտեց՝ Թուրքիան արդեն իսկ ներգրավված է ռազմական գործողություններում եւ, փաստորեն, կոնկրետ աջակցում է հակամարտող կողմին ու արդեն իսկ հակամարտող կողմ է համարվում։ 

Սիմոնյանը Թուրքիայի ներգրավածությունը Հայաստանի կողմից Արցախի ճանաչմամբ չի պայմանավորում, որովհետեւ ճանաչումը միջազգաիրավական ակտ է, եւ Արցախի ժողովուրդը, ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող ժողովուրդը արդեն իսկ ճանաչվել է Հայաստանի կողմից՝ որպես միջազգային իրավունքի սյուբեկտ․

«Եթե այդպես չլիներ, մենք չէինք լինի Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորը։ Եվ միջազգային իրավունքի տեսանկյունից արդեն իսկ երկրորդական է դառնում, թե կոնկրետ ինչ փաստաթղթով ենք ճանաչում սա, բայց քանի որ դա արդեն որպես այդպիսին միջազգային հարաբերություններում որոշակի տարաձայնությունների տեղիք է տալիս, մենք քայլերով ենք կազմակերպում աշխատանքը․ օրինակ՝ Ազգային ժողովը հայտարարություն տարածեց, որտեղ նաեւ նշեց Արցախի Հանրապետություն տերմինը, որը եւս ճանաչման ինչ-որ ակտ է, հաջորդ քայլով ճիշտ կլինի արդեն մտածենք եւ կյանքի կոչենք ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի փաստաթուղթը, վերջում էլ հանդես գանք վերջնական հայտարարությամբ։ Սա է լինելու ճանապարհը»։ 

Տարոն Սիմոնյանի կարծիքով՝ առաջին խնդիրը, որի պատճառով չէինք գնում այս քայլին, այն էր, որ չէինք ուզում բանակցային գործընթացը տապալել, բայց, փաստորեն, Ադրբեջանի համառ ջանքերով այն արդեն տապալվել է եւ հույս էլ չկա, որ նման գործընթաց կվերականգնվի։ Հետեւաբար, ինչպես նշեց մեր զրուցակիցը, լրացուցիչ մտահոգություններ ունենալ, թե ինչ տեղի կունենա հետագայում՝ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական առումով, զուր է, որովհետեւ այն, ինչ պիտի տեղի ունենար, եղել է․

«Իսկ այժմ քաղաքացիները պետք է սատար լինեն պետությանը, ինչին բոլորս ականատես ենք լինում, մեկ միասնական բռունցք լինենք, հույսը դնենք միայն մեզ վրա եւ մենք խնդիրը լուծենք։ Եթե մենք տեղում խնդիրը լուծենք՝ ռազմական ագրեսիային պատասխանելով, ամենամեծ ցավը պատճառելով Ադրբեջանին, ապա այդ պարագայում նաեւ դիվանագիտական, իրավական հարթություններում կհասնենք հաջողությունների։ Այսօրեական խնդիրը ռամական հաջողություններն են եւ մեր բանակին աջակից լինելը»,- եզրափակեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել