Ինչպես են ադրբեջանցիները վերաբերվում հայ խաղաղ բնակիչներին ու ինչ էր փորձում քարոզել Дождь-ի եթերում ադրբեջանցի գրողը |fip.am|
16:25 - 30 սեպտեմբերի, 2020

Ինչպես են ադրբեջանցիները վերաբերվում հայ խաղաղ բնակիչներին ու ինչ էր փորձում քարոզել Дождь-ի եթերում ադրբեջանցի գրողը |fip.am|

fip.am: Սեպտեմբերի 29-ին ռուսական «Դոժձ» (Дождь) առցանց հեռուստատեսության՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ քննարկման ընթացքում ադրբեջանցի գրող Համիդ Խերիսչին, ի թիվս պատերազմի վերաբերյալ այլ կեղծ ու քարոզչական պնդումների, հայտարարեց, որ ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղ մտնելուց հետո չի վնասի սովորական քաղաքացիներին:

Քննարկումը վարող Պավել Լոբկովը գրողին հարց ուղղեց՝ արդյո՞ք ադրբեջանական բանակը Ղարաբաղի քաղաքներ «վերադառնալու կամ դրանք գրավելու» դեպքում չի իրականացնի խաղաղ հայ բնակչության ցեղասպանություն, ինչպես դա տեղի էր ունեցել 1988 թվականին Սումգայիթում։

Խերիսչին, ի պատասխան, պնդեց, որ այսօր առկա իրավիճակը պետք չէ համեմատել 1990-ականների հետ։ «Այսօր մենք գործ ունենք կարգապահ բանակի հետ…։ Ճակատային մարտեր վարող զորքերը կարգապահ են, ղեկավարվում են մեկ կենտրոնից, որտեղ կա տեսահսկում և այլ հսկողություն։ Ես չեմ կարծում, որ ադրբեջանական զորքերը, զինվորները կարող են վնասել սովորական քաղաքացիներին՝ հայերին։ Իմիջիայլոց՝ մեր քաղաքացիներին»,- հայտարարեց գրողը։

Ըստ Խերիսչիի՝ հետագայում Ադրբեջանը կներդնի խաղաղապահական քաղաքականություն. մի կողմից հայկական ծագման խաղաղ բնակչության հետ աշխատանք կտարվի, իսկ մյուս կողմից՝ գերիների նկատմամբ կկիրառվեն Ժնևյան կոնվենցիայի դրույթները: 

Իրականում, սակայն, վերջին տարիներին տեղի ունեցած փաստերը հակառակի մասին են վկայում: 1994 թվականի հրադադարից հետո պաշտոնական Բաքուն վարել է հայատյաց քաղաքականություն, ինչը հաստատվում է արձանագրված բազմաթիվ դեպքերով:

Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը Ապրիլյան պատերազմի ընթացքում

2016 թվականին ապրիլի 1-ի լույսի 2-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների սկսեց Արցախի դեմ: Ապրիլի 3-ի երեկոյան «Հետք» պարբերականը և «Ֆոտոլուր» գործակալությունը ցնցող լուսանկարներ էին հրապարակել Թալիշ գյուղում ադրբեջանցի զինվորների բարբարոսությունների մասին: Ադրբեջանցիները սպանել էին գյուղից չտարհանված Վալերա Խալափյանին ու նրա կնոջը` Ռազմելային, ինչպես նաև Վալերա Խալափյանի 92-ամյա մորը՝ Մարուսյա Խալափյանին, խոշտանգել նրանց մարմինները, կտրել ականջները:

 

Պետք է նշել, որ Ադրբեջանի հարձակումը սկսել էր խաղաղ բնակչությանը թիրախավորելով։ Առաջին զոհը 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն էր, որը սպանվել էր դպրոց գնալու ճանապարհին՝ ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով: Նրա հետ գտնվող եղբայրն ու ընկերը նույնպես վիրավորվել էին:

 

Հայ սպային քնած ժամանակ կացնահարածը՝  հերոս

2004 թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլալեզու ուսումնական դասընթացների ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանաբար սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ քնած ժամանակ կացնի 16 հարված հասցնելով: Նա մտադրված էր սպանելու դասընթացներին մասնակցող ևս մեկ հայաստանցու, սակայն վերջինիս լիտվացի սենյակակիցը փրկել էր նրան:

Հունգարիայում տեղի ունեցած դատավարության արդյունքում Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ 2012 թվականին Ադրբեջանին հաջողվեց Հունգարիայից թույլտվություն ստանալ Սաֆարովի էքստրադիցիայի համար: Ադրբեջանում սպային ընդունեցին որպես ազգային հերոսի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց ոճրագործին, ավելին՝ նրա կոչումը բարձրացավ՝ հասնելով մայորի, նա ստացավ տուն և 8 տարվա ընթացքում կուտակված աշխատավարձը:

Հատկանշական է, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Թեյմուր կըզը Սուլեյմանովան հայտարարեց, որ Սաֆարովը պետք է օրինակ դառնա երիտասարդության համար: 2020 թվականին Մարդու իրավունքների միջազգային դատարանն արձանագրեց, որ Ադրբեջանը ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, որին ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։

Այսինքն՝ Ադրբեջանը ատելության հողի վրա իրականացված սպանություն կատարած անձին հերոսացրել է պետական մակարդակով, ինչը ամրագրված է ՄԻԵԴ որոշման մեջ:

Ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանի մարմնի գլխատումը 

2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Թալիշում սպանվեց նաև ազգությամբ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանը:  Մահից հետո նրան գլխատել էին: Գլուխը հայտնվել էր ադրբեջանցիների մոտ, որոնք նկարվել են մարմնի այդ մասի հետ և տեղադրել սոցիալական ցանցերում: Օրեր անց և միայն Կարմիր Խաչի միջնորդությամբ հնարավոր էր եղել հետ բերել 20-ամյա զինծառայողի գլուխը: Մարմինը հուղարկավորելուց 8 օր անց Քյարամին վերահուղարկավորել էին:

2016 թ. մայիսի 1-ին Ադրբեջանի նախագահի կայքը հրապարակել էր Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի զորամասերից մեկն այցելելու լուսանկար: Նշված լուսանկարներից պարզ էր դառնում, որ Իլհամ Ալիևը հանդիպել և պարգևատրել էր զինծառայողների, որոնց շարքում էր Սլոյանի կտրված գլուխը ադրբեջանական գյուղում  ցուցադրող, Ադրբեջանի  ԶՈՒ զինծառայող Էլնուր Ֆարզալիևը:

Նշենք նաև, որ շատ հայ զինծառայողների մարմիններ խոշտանգման են ենթարկվել մահից հետո: Եվս երկու զինծառայողի՝ Հայկ Թորոյանին և Հրանտ Դարբինյանին, սպանել էին գլխատելով:

Հավելենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում էլ առաջին զոհերը խաղաղ բնակիչներ էին: Մարտունիում հրթիռակոծության հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվեցին մեկ տարեց կին և նրա 9-ամյա թոռը:

Այսպիսով, վերջին տարիներին խաղաղ և ռազմական իրադրությունների ընթացքում Ադրբեջանի բանակը և իշխանությունները որդեգրել են հայատյաց քաղաքականություն, պարգևատրել են հայերին դաժանաբար սպանած անձանց: 

Հետևաբար, ռուսական լսարանին ուղղված ադրբեջանցի գրողի այն պնդումը, թե ադրբեջանական բանակի՝ Արցախը գրավելուց հետո ադրբեջանական կառավարությունը և բանակը որդեգրելու են խաղաղապահական և մարդասիրական քաղաքականություն, չի համապատասխանում իրականությանը, քանի որ չի հաստատվում նախկինում եղած որևէ դեպքով: 

Լուսինե Ոսկանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել