Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում իրական վտանգ է նաև Իրանի համար. Մխիթար Հայրապետյան |armenpress.am|
14:53 - 30 սեպտեմբերի, 2020

Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում իրական վտանգ է նաև Իրանի համար. Մխիթար Հայրապետյան |armenpress.am|

armenpress.am: Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում և դրան համարժեք արձագանքի բացակայությունը կամ նույնիսկ արձագանքի ուշացումն իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրների, մասնավորապես, Իրանի համար, որը միակն է, որ ունի սահման երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ: Այս մասին հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը:

- Ստեղծված իրավիճակում և Թուրքիայի ակտիվ ներգրավվածության պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի հայ-իրանական հարաբերությունների օրակարգը:

- Այն ռազմական գործողությունները, որոնք վերջին օրերին իրականացվում են հայկական զինված ուժերի կողմից ի պատասխան թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիայի, ոչ միայն լուծում են մեր հարենակիցների ֆիզիկական անվտանգության խնդիրը, այլև միտված են տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև Էրդողանի՝ պանթյուրքական ծրագրերի խափանմանը:

Թուրքական գործոնի ակտիվացումը տարածաշրջանում և դրան համարժեք արձագանքի բացակայությունը կամ նույնիսկ արձագանքի ուշացումն իրական վտանգ է ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրների, մասնավորապես, Իրանի համար, որը միակն է, որ ունի սահման երեք պետությունների՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հետ: Այս համատեքստում եղբայրական Իրանը և Հայաստանը, վստահ եմ, ունեն ընդհանուր շահեր, ինչի շուրջ ակտիվորեն պիտի ձևավորեն ընդհանուր օրակարգ:

- Ադրբեջանի կողմից վարձկանների մասնակցությունը ռազմական գործողություններին ի՞նչ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի համար:

- Դեռևս ադրբեջանական ագրեսիայից առաջ մենք տեղեկություններ էինք ստանում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների՝ Ադրբեջան տեղափոխվելու վերաբերյալ: Այսօր արդեն իսկ ունենք հստակ ապացույցներ, որ հայկական զինված ուժերը դիմակայում են ոչ միայն թուրք-ադրբեջանական ալյանսին, այլև իրական իսլամի և հավատավոր մուսուլմանների հետ որևէ կապ չունեցող մի քանի հազար ահաբեկիչների: 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս ահաբեկիչների առանձին խմբեր արդեն իսկ խնդիրներ են ստեղծում Ադրբեջանի տարածքում բնակվող շիա բնակչության համար: Էրդողանի ու Ալիևի ձեռքին խաղալիք դարձած սև դրոշակակիր այս ահաբեկիչները ոչ թե կրոնական, այլ փողի ու աշխարհը քաոսի վերածելու խնդիր են լուծում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել