Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
13:10 - 30 սեպտեմբերի, 2020

Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է։ Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։ 

«Սա երրորդ դեպքն է, առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացրած որոշումներն են։ Եւ բոլոր դեպքերում էլ Դատարանն անդրադառնում է երկու կողմերին՝ ե՛ւ դիմում ներկայացրած պետությանը, ե՛ւ պետությանը, որի դեմ ներկայացվել է դիմումը։ Մեզ համար սա հաջողություն է, քանի որ որոշումը կայացվել է ՀՀ-ի ներկայացրած դիմումի հիման վրա, ՀՀ-ի ներկայացրած ապացույցների հիման վրա, եւ Դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ մեկնաբանություն ստանալու համար»,- հայտնեց Եղիշե Կիրակոսյանը։

Կիրակոսյանը փոխանցեց, որ իրենք լրացուցիչ ապացույցներ ենք ներկայացրել ՄԻԵԴ՝ ի հավելումն  ներկայացված դիմումի, որով ցույց են տվել ընթացիկ իրավիճակը, շեշտադրումներ են արել կոնկրետ դեպքերին, քաղաքացիական բնակչության թիրախավորմանը, ՀՀ սահմանին ռմբակոծությանը։

«ՀՀ-ն առաջիկայում մեր գործընկերներին կներկայացնի մեր ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկություն, եւ կսպասենք նաեւ Ադրբեջանի կառավարության արձագանքին, հետո մեր դիրքորոշումը կլինի ըստ այդմ»,- նշեց նա։

Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ միջանկյալ միջոցը ժամանակավոր եւ հրատապ միջոց է, որը դատարանը կիրառում է այն դեպքում, երբ կա իրական, անդառնալի հետեւանքների վտանգ։ Խոսքը կյանքի իրավունքի, վատ վերաբերմունքի, խոշտանգումների, անձնական կյանքի անձեռնմխելիության մասին է՝ 2-րդ, 3-րդ, 8-րդ հոդվածներով։

«Մենք մեր դիմումի մեջ նշել էինք այս հոդվածները, բայց Դատարանն անդրադարձել է միայն 2-րդ, 3-րդ հոդվածներին։ Միջանկյալ միջոցը կողմերին պարտավորեցնում է ձեռնպահ մնալ կոնկրետ գործողությունների կատարումից, որոնք կառաջացնեն անդառնալի հետեւանքներ»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել