Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, Արցախի ՊՆ-ն, միայն նախկին բնագծերը վերականգնելով, չի բավարարվի․ ԱՀ նախագահի խոսնակ
10:34 - 30 սեպտեմբերի, 2020

Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, Արցախի ՊՆ-ն, միայն նախկին բնագծերը վերականգնելով, չի բավարարվի․ ԱՀ նախագահի խոսնակ

Ողջ գիշեր շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտերը՝ հատկապես հյուսիսային եւ հյուսիսարեւելյան  հատվածներում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվորեն կասեցնել հարձակողական բոլոր գործողությունները, որ իրականացնում են ադրբեջանական զինված ուժերը՝ թուրքական զինուժի աջակցությամբ։ Անցած գիշերվա հարձակողական բոլոր գործողությունները ձախողվել են, Ադրբեջանի բանակն այս պահի դրությամբ զինտեխնիկայի եւ կենդանի ուժի շատ մեծ կորուստներ ունի»,- ասել է խոսնակը։

Վահրամ Պողոսյանի խոսքով՝ այս պահին Արցախում ենթակառուցվածքների էական խնդիր չկա, բնականոն աշխատանքը շարունակվում է։ 

«Խնդիրներ հիմնականում ծագում են միայն այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ, սակայն անմիջապես գործի են դրվում բոլոր հնարավորությունները՝ այդ խնդիրներն օպերատիվ լուծելու համար»,- հավելեց խոսնակը։

Վահրամ Պողոսյանը նաև նշեց, որ Արցախի պաշտպանության բանակը տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորն է։

«Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիան, մենք չենք բացառում, որ Արցախի պաշտպանության բանակը, միայն իր նախկին բնագծերը վերականգնելով, չի բավարարվի»,- ընդգծեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել