Անկարան հերքում է, թե Թուրքիան Հայաստանի տարածքում ինքնաթիռ է խոցել |azatutyun.am|
19:23 - 29 սեպտեմբերի, 2020

Անկարան հերքում է, թե Թուրքիան Հայաստանի տարածքում ինքնաթիռ է խոցել |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Անկարան հերքում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել է ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը թուրքական Habertürk TV-ի լրագրողին ասել է, թե «Թուրքիան Հայաստանի ինքնաթիռ չի խոցել»: Այսօր առավոտյան էլ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլին հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը F-16 տիպի կործանիչներ չունի և մարտերում դրանք չի կիրառում:

Հիշեցնենք, որ Հայաստանի ՊՆ խոսնակը հաղորդել էր. «Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:

Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան: Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից Հայաստանի օդային տարածքում խոցվել է ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը»: Նաև նշել էր, որ օդաչուն զոհվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել