Նկատվում են հայտարարություններ զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ․ պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից․ ԱԱԾ
13:35 - 29 սեպտեմբերի, 2020

Նկատվում են հայտարարություններ զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ․ պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս օրերին համացանցում նկատվում են տարաբնույթ հայտարարություններ Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ:

Մեծապես կարևորելով մեր հայրենակիցների համանման մղումներն ու նրանց կողմից ցուցաբերվող ակնհայտ հայրենասիրությունը՝ հայտնում ենք, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համացանցում նկատվում են նաև հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ:

Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից, իսկ այդպիսի հարցադրումներ ունեցող անհատներին հորդորում ենք հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին: Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել