Ադրբեջանը որեւէ տարբերակում չի դնում քաղաքացիական բնակչության եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքը․ ՀՀ ՄԻՊ
11:51 - 29 սեպտեմբերի, 2020

Ադրբեջանը որեւէ տարբերակում չի դնում քաղաքացիական բնակչության եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքը․ ՀՀ ՄԻՊ

Ուսումնասիրությունները վստահ ապացուցում են, որ Ադրբեջանը որեւէ տարբերակում չի դնում քաղաքացիական բնակչության եւ ռազմական օբյեկտների միջեւ՝ դրանով վտանգի տակ դնելով ողջ բնակչության կյանքը, առողջությունը։ Այդ հարվածներն ակնհայտ նպատակային են եւ թիրախավորված են՝ հենց քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելու։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Քաղաքացիական խաղաղ բնակչության շրջանում կա չորս զոհ, ընդ որում՝ վտանգված է երեխաների, կանանց, տարեց մարդկանց կյանքը։ Մահացածների ու տասնյակ վիրավորների թվում էլ կան կանայք, երեխաներ ու տարեցներ։ Այս գործողություններն ուղեկցվում են քաղաքացիական խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին հարվածներ հասցնելու կամ դրանք պարալիզացնելու ուղղությամբ։ Խոսքը վերաբերում է կենսական նշանակության ճանապարհներին, կապի միջոցներին։ Այդ հարվածները կրում են համակարգված բնույթ»,- ասաց ՄԻՊ-ը։ 

Արման Թաթոյանի խոսքով՝  այս բոլոր հարձակումներն, առաջին պահից սկսած, ուղեկցվում են ատելության ինտենսիվ, լայնածավալ խոսքով, և չնայած միշտ էլ եղել է էթնիկ հայերի նկատմամբ արմենոֆոբիայի բարձր մակարդակ, բայց հիմա ատելության մակարդակը դարձել է համակարգված, ուժեղացված։

«Տարածվում են հատուկ պատրաստված տեսանյութեր, որոնք նպատակ ունեն խաղաղ բնակչության շրջանում առաջացնել վախ, տագնապ, նաեւ բռնության ու սպանության կոչեր են լինում։ Առավել վտանգավոր հարթակը Tik-Tok կոչվող ցանցն է, որովհետեւ այդ տիրույթում նյութերի կոնտենտը հնարավոր չէ վերահսկել։ Թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական աղբյուրներից եկող ատելության այս խոսքը թիրախավորում է նաեւ երեխաներին»,- հայտնեց նա։

ՄԻՊ-ը Նաեւ տեղեկացրեց, որ հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր են տարածում կեղծ հաղորդագրություններ։ Տարբեր տեսանյութերում օգտագործվում են դրվագներ, որոնք կամ առհասարակ Հայաստանի ու Արցախի հետ կապ չունեն, կամ ապրիլյան պատերազմին են վերաբերում։ 

«Մենք ամենօրյա ու ամենժամյա կապի մեջ ենք Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Արցախի ՄԻՊ-ը նախաձեռնել է բարձր որակի փաստահավաք աշխատանքներ, մենք անընդհատ տեղեկություններ ենք փոխանակում, կապի մեջ ենք քաղաքացիական բնակչության հետ, մեր աշխատանքները բերվել են հատուկ ռեժիմի, կան մասնագիտացած աշխատակիցներ։ Մենք կապի մեջ ենք նաեւ ՀՀ ՊՆ-ի հետ, այնքանով, որքանով հարցն առնչվում է ՊՆ-ի գործողություններին, զինվորների իրավունքներին»,- հայտնեց Արման Թաթոյանը։ 

ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ իրենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ու միջազգային կառույցներին են ներկայացնում հաղորդումներ, երկրորդը կներկայացվի այսօր․ այն վերաբերելու է ատելության խոսքին ու բռնության կոչերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել