ԱՄՆ-ն իր ռազմական ավիաբազան Թուրքիայից տեղափոխելու շուրջ բանակցություններ է սկսում |The Times|
00:50 - 29 սեպտեմբերի, 2020

ԱՄՆ-ն իր ռազմական ավիաբազան Թուրքիայից տեղափոխելու շուրջ բանակցություններ է սկսում |The Times|

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այս շաբաթ Հունաստան կատարելիք այցն օգտագործելու է, որ ուսումնասիրի Թուրքիայում տեղակայված Ինջիրլիք ռազմական ավիաբազայից ամերիկյան առկա հիմնական սարքավորումներն ու գույքը Կրետե տեղափոխելու հնարավորությունը, քանի որ ԱՄՆ-ն մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Արևելյան Միջերկրականում։ Այս մասին հայտնում է The Times բրիտանական պարբերականը։

ԱՄՆ պետքարտուղարի այցը դիտարկվում է որպես Վաշինգտոնի հատզհետե սպառվող համբերության արտահայտություն՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակաարևմտյան հռետորաբանության, ինչպես նաև այն փաստի, որ Էրդողանն անցած տարի որոշեց ձեռք բերել ռուսական հակաօդային համակարգեր՝ հակառակ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների խիստ առարկությունների։ 

«Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Վաշինգտոնը կարող է Ինջիրլիքից տեղափոխել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զինանոցը, սակայն միայն այն փաստը, որ Պոմպեոն գալիս է այստեղ՝ հաստաելու այն ուղերձը, որ ԱՄՆ-ն ակտիվորեն այլընտանքային տարբերակներ է փնտրում, խայթող հարված է Էրդողանի ուղղությամբ»,-ասել է Աթենքից պաշտպանության հարցերով փորձագետ Աթանասիոս Դրուգոսը։

Ինջիրլիքի ռազմական ավիաբազան, որը ստեղծվել է Սառը պատերազմի ամենասկզբնական փուլում թուրք-սիրիական սահմանի մոտ, երկար ժամանակ կենսական կարևորություն է ունեցել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմավարական շահերի առումով։ Ավիաբազան ամենաշատն օգտագործվել է  որպես կայան, որտեղից ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում և Իրաքում տեղակայված զորքերին։ 

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների՝ Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի ղեկավար Ռոն Ջոնսոնը այս ամիս ենթադրություն է հայտնել, որ ԱՄՆ կարող է դիտարկած լինել այլընտրանք ունենալու հարցը․ խոսքը Սուդայի ծոցի՝ Կրետեի հյուսիսարևմտյան ափին գտնվող ամերիկյան ռազմածովային օբյեկտի մասին է, որտեղ էլ վաղը այցելելու է  Մայք Փոմփեոն։ Սա քարտուղար Փոմփեոյի երկրորդ տարածաշրջանային այցն է երկու շաբաթվա ընթացքում։ 

«ԱՄՆ հետաքրքրություններն ու ներկայությունը տարածաշրջանում չափազանց կարևոր են։ Սակայն եթե գումարենք Ռուսաստանի և Չինաստանի՝ Արևելյան Միջերկրականում ազդեցություն հաստատելու ջանքերը, Լիբիայում Թուրքիայի առաջխաղացումը և տարածաշրջանում  ապօրինի հորատումները, Փոմփեոյի ժամանումը  չափազանց կարևոր է դառնում»,- նշել է Դրուգոսը։ Նա հավելել է․

«ԱՄՆ ռազմածովային բազան Սուդայի ծոցում այժմ ձեռք է բերում շատ ավելի մեծ և  ռազմավարական առումով կարևոր նշանակություն»։ 

ՆԱՏՕ անդամ, սակայն դարավոր թշնամիներ Հունաստանի և Թուրքիայի փախհարաբերությունները կտրուկ վատթարացել էին վերջերս, երբ թուրքերը հետախուզական  ​​նավ էին ուղարկել՝ Կրետեի մերձակայքում գազ և նավթ որոնելու համար: Փոմփեոն միջամտել էր ճգնաժամին, ինչը Թուրքիային ստիպել էր հետ քաշել իր հետախուզական ​​նավը, իսկ Հունաստանը համաձայնել էր հաջորդ ամիս բանակցել հետազոտություններ իրականացնելու շուրջ:

Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում, սակայն Հունաստանն արդեն հաստատել է, որ  կքննարկի միայն ծովային տարաձայնությունները։ Թուրքիան էլ ցանկանում է բաց բանակցություններ։

«Փոքր է հավանականությունը, որ այս բանակցություններում առաջընթաց կգրանցվի, սակայն այս պահին առնվազն լարվածությունը նվազել է»,- ասել է Դրուգոսը

Մայք Փոմփեոն այցելելու է Հունաստանի հյուսիսում գտնվող Թեսալոնիկ քաղաք, որտեղ կստորագրի երկկողմ տեխնոլոգիական համաձայնագիր էներգետիկ կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են Բալկաններում ենթակառուցվածքներ ստեղծելու նախագծեր իրականացնել։

 

Լուսանկարում՝ Ինջիրլիք ռազմական ավիաբազան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել