Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք հարվածում․ Արայիկ Հարությունյան
23:47 - 28 սեպտեմբերի, 2020

Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք հարվածում․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր երեկոյան ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև Լելե Թեփե բարձունքի գրավման մասին լուրերին՝ նշելով, որ այսօր արդեն որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ։

«Մենք կարող է վաղը ունենանք նահանջ կամ հակառակը առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ։ Մենք պետք է շատ ավելի ծանր, շատ ավելի երկար մարտական գործողությունների պատրաստ լինենք։ Ինչ անենք, Ադրբեջանը իր ամբողջ բանակի ուժերը օգտագործել է և շարունակում է օգտագործել։ Պետք չէ անդրադառնանք՝ դիրք ենք տալու, թե դիրք չենք տալու»,-նշեց Արցախի նախագահը։

Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցին Արայիկ Հարությունյանն ասաց․

«Մեզ համար այսօր ամենակարևորը անվտանգությունն է։ Կճանաչեն անկախությունը, թե չեն ճանաչի, մենք պետք է հաղթենք պատերազմում։ Հաղթելուց հետ կամ հաղթելու ընթացքում արդեն քաղաքական որոշումների առումով մենք ճիշտ որոշումներ կկայացնենք»։

Արցախի նախագահը նշեց, որ երեկ մեզ հաջողվել է վերականգնել բավականին շատ դիրքեր․

«Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք հարվածում։ Դիրքերով, լոկալ հաջողություններով, սակայն, դեռ մեծ հաջողություններ չենք ապահովել։ Մեր մարտավարությունը սա է․ պետք է հակառակորդին զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառել, ինչքան ունեցել են 92-94 թթ․։ Այլ տարբերակ չկա, քանի որ դեռ քաղաքական, կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»,-մանրամասնեց Արայիկ Հարությունյանը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ ձևաչափով են նախկին բարձրաստիճան զինվորականները մասնակցում ԱԽ նիստին՝ ԱՀ նախագահն ասաց, որ պաշտպանության բնագավառում վաստակ ունեցող զինվորականները, հերոսները, որոնք ցանկություն են հայտնել աջակցելու, մասնակցել են։

«Լինելու են մարդիկ, որ հարց է առաջանալու՝ ինչու չկան․ այդ մարդիկ ցանկություն չեն հայտնել իրենց աջակցությունը ցուցաբերելու։ Եթե խոսքը գեներալ Ղահրամանյանի, գեներալ Կարապետյանի և Մնացականյանի մասին է, նրանք զանգել և առաջարկել են իրենց ծառայությունները։ Բոլոր այն անձինք՝ ոչ միայն գեներալները, ովքեր ցանկություն են հայտնել հանուն հայրենիքի համագործակցել ՊԲ-ի և իշխանությունների հետ, ներկա են եղել»,-հավելեց Արայիկ Հարությունյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել