Շփման գծի հարավային ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է․ ընթանում են թեթև մարտեր․ Արծրուն Հովհաննիսյան
17:42 - 28 սեպտեմբերի, 2020

Շփման գծի հարավային ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է․ ընթանում են թեթև մարտեր․ Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են գործողությունները։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։

«Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում՝ հրանետային միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հաջողությամբ հայկական զինված ուժերը հետ են մղում»,- հավելեց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ հարավային ուղղությամբ Ադրբեջանի բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ հետ են մղվել, և այդ ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն կորցրել է 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր․ այդ ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է․ ընթանում են թեթև մարտեր։

«Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր օրվա ընթացքում։ Հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Մարտակերտը։ Մարտակերտում և հարակից վայրերում կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով վիրավորների՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ այլ վիրավորներ են տեղափոխվել ՀՀ հիվանդանոցներ և հոսպիտալներ։ Հովհաննիսյանի խոսքով՝ նրանք մեծամասամբ ունեն թեթև վիրավորում և առաջին բուժօգնությունից հետո վերադարձել են շարք, կատարում են իրենց մարտական խնդիրները։

«Մեր վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում․ երբ հանել ենք թեթեւ վիրավորների թիվը, որոնք շարունակում են ծառայությունը, վիրավորների թիվը մնացել է 100-120-ի շրջակայքում։ Ծանր վիարվորների մասով այս պահին ամփոփիչ տվյալներ չեմ կարող ներկայացնել, բայց այն մարդիկ, որոնց խորքային կամ մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել,  տեղափոխվել են հիմնականում Երեւանի մասնագիտացված հիվանդանոցներ»,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել