Արայիկ Հարությունյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց
16:36 - 25 սեպտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կառույցի գործունեությանը, նրան ներկայացվել է, թե շինարարական, վերակառուցման, լաբորատորիաներով հագեցման ինչ աշխատանքներ են տարվում, քննարկվել են հաստատության` ուսանողական հատվածին վերաբերող հարցերը, այդ թվում՝ համավարակի պայմաններում օտարերկրացիների ներգրավման հարցը:

ԿԳՄՍ նախարարը հետաքրքրվել է, թե արդյոք կորոնավիրուսի համավարակի պատճառով չի խոչընդոտվել արտասահմանցի ուսանողների ընդունելության և ուսումնառության գործընթացը: Ի պատասխան՝ ռեկտոր Ա. Մուրադյանը պարզաբանել է, որ չնայած դժվարություններին՝ ԵՊԲՀ-ում օտարերկրացի ուսանողների թիվը նույնիսկ ավելացել է: Բուհի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ դեսպանությունների հետ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել հատուկ չարթերային թռիչքներ կազմակերպել այդ ուսանողների համար։

Հանդիպման ավարտին քննարկվել են ուսումնական գործընթացին և ընթացիկ ծրագրերին առնչվող այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել