tert.am: Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը չի մասնակցի ՍԴ փակ նիստին և ՍԴ նախագահի ընտրության քվեարկությանը:

«Իմ ունեցած չճշտված տեղեկություններով՝ երեկվա իմ հայտարարություններից հետո որոշակի այլ սցենարներ են քննարկվել, բայց որ սցենարով էլ գնան, ինձ համար միևնույն է, հնարավոր է նորից առաջադրումներ լինեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ ցանկացած դեպքում չի մասնակցի ՍԴ նախագահի ընտրությանը:

Նա նշեց, որ եթե մեկ թեկնածու է, դա արդեն ինչ-որ բանի մասին է ասում: Ինչ վերաբերում է նախկինում իր ՍԴ նախագահ լինելու՝ քաղաքական որոշում լինելու դիտարկումներին, ապա Հրայր Թովմասյանն ասաց. «իմ պորտալարը քաղաքական գործունեությունից կտրել եմ և քաղաքական պրոցեսները չեմ մեկնաբանում»:

Հրայր Թովմասյանը նշեց, որ ՍԴ նախագահը ի վերջո այս հաստատության դիրեկտորը չի, այլ մեկն է բոլորից: Նա նշեց, որ ինքը չի օգտվել ՍԴ նախագահի համար հատկացվող ամառանոցից, թիկնազոր չի ունեցել, ծառայողական մեքենայից ութ ամիս առաջ է օգտվել:

«Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ, որ հարգելի գործընկերներ, երբ որոշեք, որ ես չեմ, եկեք և ինձ ասեք»,-ասաց Հրայր Թովմասյանը և նշեց, որ հիմա նիստին չի մասնակցում, քանի որ իր մոտ ստեղծվել է տպավորություն, որ այն դրսից ուղորդված է:

Ավելին՝ tert.am-ում