tert.am: Այն, ինչ այսօր կատարվում է Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, միանշանակ քաղաքական հաշվեհարդար է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Աբսուրդ է Գագիկ Ծառուկյանի հնարավոր կալանավորումը, և ես մտածում եմ՝ այս դատավորը (գործով դատավորը Մնացական Մարտիրոսյանն է) պատահաբար չի ընտրվել, նա նույն դատավորն է, որ 2010-ին Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկելու դատական որոշում կայացրեց, բայց չեմ ուզում դատավորի ու դատարանի անմեղության կանխավարկածը խախտել: Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն ունեն այնքան հիմնավոր փաստարկներ, որ այս դատական գործընթացն ընդամենը ֆարս է»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է համարել, Զոհրաբյանն արձագանքեց, որ եթե ինքն ունենար Աղազարյանի կենսագրությունը, ամոթից կլռեր: «Անիմաստ է իշխանություններին անգամ հորդորով դիմելը, որովհետև անցել են բոլոր կարմիր գծերը: Չկա այլևս բարոյականության որևէ գիծ, որ այդ մարդիկ անցած չլինեն»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, նաև իրեն ու Գևորգ Պետրոսյանին առնչվող քրեական գործեր կհարուցվեն, Նաիրա Զոհրաբյանը նախ ասաց, թե իր հեռախոսը 24 ժամ գաղտնալսվում է, ապա շարունակեց.

«Մենք ունենք տեղեկություն, որ ամեն ինչ անում են նաև իմ և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու, կանչում են մարդկանց, հարցեր տալիս: Ես չեմ բացառում, որ կհարուցեն քրեական գործ: Ես չգիտեմ՝ իրենք ինչ մահապարտներ կարող են գտնել, որ մեր դեմ ցուցմունքներ կտան: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես և ընտրական կեղծիքը: Ես առանց ավելորդ համեստության կարող եմ ասել՝ եթե ՀՀ անկախության պատմությունից այս կողմ եղել են 15-20 լավագույն պատգամավորներ, դրանցից մեկը ես համարում եմ ինձ»,- ասաց նա:

Պատգամավորի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրավապահների վրա կոնկրետ հանձնարարական կա՝ գտնել, պեղել իրենց մասին տեղեկություններ, մոնտաժել հեռախոսազրույցներ: «Ինձ արդեն ասել են, որ առաջիկայում պատրաստվում են ևս մեկ ձայնագրություն հրապարակել, որտեղ ես իբր վատ եմ արտահայտվել հայ ժողովրդի մասին»,-նշեց նա՝ տեսակետ հայտնելով, թե այս ամենի նպատակն իրենց լռեցնելն է, սակայն արդյունքի չեն հասնի: