shantnews.am: 

Արևմուտքի մի քանի երկրների փորձերը, կասկածի տակ դնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինականությունը, չի արտացոլում միջազգային հանրության կարծիքը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է արտահայտել Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշված է, որ Բելառուսի ժողովուրդը, որը իշխանության միակ աղբյուրն է և ինքնիշխանության կրողը, կատարել է իր ընտրությունը։

«Հենց դա որոշիչ նշանակություն ունի։ Առանձին դերակատարների կողմից արտաքին օրինականացման որոշ հորինված գործընթացներ բոլոր տեսանկյուններից չնչին են։ Մենք վաղուց միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր ենք և հավասար իրավունքներ ունենք, ինչպես միջազգային արենայում գտնվող մյուս երկրները»,- նշել են գերատեսչությունում։

Բելառուսի արտգործնախարարությունը նաև հիշեցրել է, որ «ներքին գործերին միջամտելու արգելքը միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից է, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության 2-ր հոդվածում»։

«Այդ պատճառով բելառուսներն ինքնուրույն և առանց արտաքին միջամտության ընտրում են իրենց պետության ղեկավարին, խորհրդարանը և տեղական խորհուրդները։ Բելառուսի ժողովուրդն ինքնահռչակ «օրինականացնողների» կողմից իր իշխանության «օրինականացման» կարիք չունի», – հավելել են Բելառուսի ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունն՝ առանց նախապես հայտարարելու, առանց ուղիղ եթերով հեռարձակման։ Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո Բելառուսի քաղաքացիները կրկին ցույցեր էին կազմակերպել տարբեր քաղաքներում։