Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր տեղի է ունեցել նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնացուցադրական վերակառուցված ջերմատան բացման արարողությունը: Ջերմատան վերակառուցումը իրականացվել է «Ուսումնաարտադրական ջերմատան վերափոխման (վերակառուցման) աշխատանքների իրականացում» ծրագրի շրջանակում՝ «Ագրոբիզնեսի հետազոտութունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի կողմից և Հայսատանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել աջակիցներին ծրագրի հաջող իրագործման համար՝ հատկապես կարևորելով գյուղատնտեսական ոլորտում կրթության դերի բարձրացումը կրթական բարեփոխումների այս շրջանում: «Վերջին շրջանում պետությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսական ոլորտին, մասնավորապես նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, և սա կարևոր քայլ էր Ագրարային համալսարանի կողմից: Կրթությունը մեկ քայլ առաջ պետք է լինի, քանի որ գիտելիքով զինված մարդիկ են, որ վաղը պետք է նոր ջերմոցներ ու հիդրոպոնիկ ջերմատներ բացեն: Սա նաև լավ մոտիվացիա է սովորողների ու դիմորդների համար, որոնք հստակ մասնագիտական կողմնորոշմամբ կգան համալսարան»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այսկերպ ընդլայնվում են նաև ուսանողների և դասախոսների կրթական գործընթացի հնարավորությունները:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ նշել է, որ կրթական ոլորտը նոր շունչ է ստացել, և սա նոր խոսք է գյուղատնտեսական ոլորտում: Նա նաև անկեղծացել է, որ լինելով Ագրարային համալսարանի շրջանավարտ՝ միշտ երազել է Հայաստանում ևս տեսնել գյուղատնտեսական ուղղվածության՝ աշխարհի առաջադեմ համալսարանների մոտեցումը: Նշենք, որ ՀԱԱՀ բակում տեղակայված վերակառուցված ջերմատունը բաժանված է 4 առանձին ջերմոցների, որտեղ ուսանողների մասնակցությամբ և դասախոսների ղեկավարությամբ մշակվում են տարբեր մշակաբույսեր:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան Ճապոնիայի կառավարության անունից ողջունել է ներկաներին՝ ասելով. «Հաշվի առնելով գյուղատնտեսության դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ ծրագիրը լիովին համահունչ է պետության գերակայություններին: Ջերմատան նոր գործնական վերապատրաստման հնարավորություններից կօգտվեն ինչպես Ագրարային համալասարանի ուսանողները, այնպես էլ ICARE հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի շուրջ 70 սովորող»:

Ծրագրին աջակցել են նաև բոստոնահայ գործընկերներ Ջուդիթ Սարյանը և Վիկտոր Զարուգյանը, ինչպես նաև «ԱԿԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ-ն, որի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել բարձր տեխնոլոգիական մեքենայացված Ֆարմ-Բոտ ռոբոտը: Ներկաները շրջել են ջերմատան տարածքում, հետևել Ֆարմ-Բոտի կատարած աշխատանքին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ ուսանողներն արդեն իսկ մեծ ոգևորությամբ են մասնակցում դասերին՝ դրանք որակելով որպես արդյունավետ գործնական դասեր ջերմոցային ճիշտ միջավայրում: «Այս մոդելը ցույց է տալիս, թե ինչպես կարող են բարձր տեխնոլոգիաները կիրառվել գյուղատնտեսության մեջ»,- եզրափակել է նա: