«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության միջոցառումը կազմակերպած Ա/Ձ-ն գտնելն անհնար չէ․ Politik.am-ը սխալվում է
19:12 - 24 սեպտեմբերի, 2020

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության միջոցառումը կազմակերպած Ա/Ձ-ն գտնելն անհնար չէ․ Politik.am-ը սխալվում է

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Politik.am-ը հրապարակել է հոդված, որտեղ ներկայացված է, թե Անկախության օրվա առթիվ մշակութային միջոցառումների կազմակերպման համար 43 միլիոն դրամ է տրամադրվել մի ընկերության, որի մասին տեղեկություն գտնելը անհնար է, եւ որ ընկերությունը աշխատակիցներ չունի։ Հոդվածի վերջում կայքը հանգել է եզրակացության, որ «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ի հետ կնքված գործարքը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչի մասին կառավարող ուժը պարտավոր է բացատրություն տալ։

Հոդվածում, մասնավորապես, նշվում է, թե պետական ռեգիստրի պաշտոնական կայքում առկա 30-ից ավելի «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ներից եւ ոչ մեկի ՀՎՀՀ-ն (հարկ վճարողների հարկային համար) չի համապատասխանում պայմանագրում առկա ՀՎՀՀ-ին։ Բացի այդ՝ Politik.am-ը «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ի մասին փորձել է տեղեկություններ գտնել նաեւ tender-monitoring.am հարթակից, որը, ի տարբերություն armeps.am եւ petekamutner.am համակարգերի, պաշտոնական չէ, եւ կայք մուտք գործելիս էլ առաջարկվում է տվյալները համաձայնեցնել վերոնշյալ պետական կայքերի հետ։ «Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ի աշխատակիցների մասին տեղեկություն ստանալու համար էլ Politik.am-ն օգտվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000plus.am կայքից եւ եկել այն եզրահանգման, որ հիշյալ Ա/Ձ-ն չկա պետռեգիստրի պաշտոնական կայքում եւ չունի աշխատակիցներ, քանի որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում չկա կատարված վճարում։

«Արթուր Մանուկյան» Ա/Ձ-ն անհայտ չէ

Չնայած Politik.am-ին չի հաջողվել գտնել հարցերի պատասխանները, այնուամենայնիվ Արթուր Մանուկյան Ա/Ձ-ն գրանցված է իրավաբանական անձանց ռեգիստրում։ Այն գրանցվել է 2020 թվականի հունվարի 17-ին։ Ա/Ձ-ի հիմնադիրը պրոդյուսեր Արթուր Մանուկյանն է։ Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նշված Ա/Ձ-ի իրավաբանական հասցեն Նեկրասովի փ․ 12 է, իսկ ԱՁ-ն զբաղվում է կինո և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրությամբ։

Արթուր Մանուկյանն այս տարի վարչապետի աշխատակազմի հետ կնքած պայմանագրի համաձայն իրականացրել է Անկախության օրվա կապակցությամբ մշակութային միջոցառումների կազմակերպման եւ սպասարկման ծառայությունների մատուցում, այդ թվում՝ «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության միջոցառման կազմակերպում։

Infocom-ը կապ հաստատեց պրոդյուսեր Արթուր Մանուկյանի հետ, որը մեր զրույցում նշեց՝ անցած տարի եւս մասնակցել է Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին․ «Անցյալ տարի անկախության օրվան նվիրված միջոցառումները կազմակերպել էր Հանրային հեռուստատեսությունը եւ ինձ հետ կնքել էին պայմանագիր․ ես՝ որպես ռեժիսոր, գնացել եւ իմ ծառայությունն եմ մատուցել»։ 

Արթուր Մանուկյանին պատկանող ԱՁ-ն, այո, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամենամսյա պարտադիր վճարներ չի կատարել․ բանն այն է, որ իր ԱՁ-ն գրանցված աշխատողներ չունի, քանի որ պրոդյուսերներն, ըստ էության, մշտական աշխատողներ չեն ունենում։

Մանուկյանը մեր զրույցում պարզաբանեց, որ ինքն իրականացնում է տարբեր պրոյեկտներ, որոնցից յուրաքանչյուրը մաքսիմում տեւում է մեկ ամիս, եւ այդ ընթացքում անհրաժեշտ մասնագետների հետ կնքում է այդ ամսվա աշխատանքի մասին պայմանագիր, որի համար էլ վճարվում է անհրաժեշտ հարկերը։ 

Բացի այդ՝ հարկը եւ հաշվետվությունը ներկայացվում են եռամսյակային կտրվածքով․

«Ո՞նց կարող է կառավարությունը ինձ պատվիրել միջոցառում եւ փոխանցում անել, եթե Ա/Ձ-ն չլինի։ Ցանկացած պայմանագրի դեպքում ես միշտ հարկվել եմ»,- հավելեց պրոդյուսերը։

Նշենք նաեւ, որ Արթուր Մանուկյանը ԱՄՆ-ում կայացած «World Armenian Entertaiment Awards» մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա լավագույն ռեժիսոր» մրցանակին։ Բացի այս՝ վերջինս կազմակերպել է նաեւ «Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառման բացման արարողությունը եւ մի շարք այլ միջոցառումներ։ 

Այսպիսով՝ Politik.am-ը իր պնդումներում սխալվել է, քանի որ Արթուր Մանուկյանի Ա/Ձ-ն գրանցված է իրավաբանական անձանց ռեգիստրում, ինչպես նաեւ Պետեկամուտների կոմիտեում, իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հարկ չվճարելը պայմանավորված է միմիայն գրանցված մշտական աշխատողներ չունենալու հանգամանքով։ 

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել