Վարորդական իրավունք ստանալու խստացված կարգը կգործի 2021 թվականից |hetq.am|
13:39 - 24 սեպտեմբերի, 2020

Վարորդական իրավունք ստանալու խստացված կարգը կգործի 2021 թվականից |hetq.am|

hetq.am: Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 24-ի հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց որոշում, որով նախատեսվում է վարորդական իրավունք ստանալու խստացված կարգը հետաձգել մինչև 2021 թվականի հունվարի 1-ը։

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ պետք է մտնեին կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունված որոշումները, որոնցով ներկայում գործող՝ Կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ին և 2012 թվականին ընդունված որոշումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, վարորդի թեկնածուի առողջական վիճակի ստուգման և որակավորման քննությունների հետ կապված հարցերով գործող կարգում նախատեսվում էին մի շարք փոփոխություններ։ Կառավարությունը որոշեց որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգել առնվազն մինչև տարեվերջ։

Ընդունված որոշման նախագծում ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ 13 հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը 2020թ. մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը և հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը գրեթե ամբողջությամբ դադարեցված է եղել, վարորդական վկայականներին վերաբերող գործողությունների մասով բացառություն է եղել միայն կորած վարորդական վկայականի կրկնօրինակի հատկացում տալու գործողությունը։

Դադարեցված գործառույթների վերսկսումից հետո Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումների կողմից ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումն իրականացվում է միայն նախապես անհրաժեշտ գործողություն կատարելու մասին էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների հիման վրա հրավերի միջոցով, ինչը նպատակ ունի բացառել քաղաքացիների մեծ թվով կուտակումները՝ կանխելով համավարակի տարածումը։

Նշվածի հանգամանքով պայմանավորված՝ 2020թ. օգոստոսի 10-ի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին մասնակցելու նպատակով Ճանապարհային ոստիկանությոուն է ներկայացվել ավելի քան 26 000 դիմում, որից մոտ 12 500-ը՝ Երևանում:

Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում՝ օրական ընդունվում է առավելագույնը 400 որակավորման քննություն, որոնց թիվը մինչև սահմանափակումները 600-ից ավել է եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել