armenpress.am: Կառավարությունը Ֆրանսիայում գրանցված «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությանը թույլատրեց լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ իրականացնել: Ըստ նախագծի հիմնավորման, որոշմամբ անհետաձգելի է համարվել մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը‚ և թույլատրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը տվյալ ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել ինժեներական ծառայություններ մատուցող միջազգային ընկերություններից՝ մեկ անձից գնման ընթացակարգով:

«Նշված որոշման պահանջներին համապատասխան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության միջև կնքվել է «Պետության  կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների  մատուցման պետական  գնման» պայմանագիրը, որի համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը պետք է իրականացնի վերը նշված որոշմամբ նախատեսված մի շարք տրանսպորտային օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը։

Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունն իրավասու է զբաղվել ինժեներական (տեխնիկական վերահսկողության) գործունեությամբ, այդ թվում քաղաքաշինության, տրանսպորտային ենթակառուցվածքների բնագավառում:

Ակնկալվում է, որ «ԷԳԻՍ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը ձեռք կբերի «Շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակով զբաղվելու իրավունք, ինչը հնարավորություն կտա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել Պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»,- ասված է հիմնավորման մեջ: