Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 31,9 միլիոնին․ մահացել է շուրջ 976 հազար մարդ |azatutyun.am|
11:10 - 24 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 31,9 միլիոնին․ մահացել է շուրջ 976 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 31,9 միլիոնին, մահվան դեպքերի թիվն անցել է 976 հազարը, բուժվել է մոտ 22 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Ռուսաստանում արդեն տասներորդ օրն անընդմեջ աճում է COVID-19-ի նոր դեպքերի թիվը: Երկրում կրկին պարտադիր ինքնամեկուսացում է սահմանվել արտերկրից վերադարձողների համար:

Կորոնավիրուսից մահացել է Պետդումայի պատգամավոր Վախա Ագաևը, ընդհանուր առմամբ 13 պատգամավոր գտնվում է հիվանդանոցներում, Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի 450 անդամներից 50-ն արդեն կորոնավիրուսային հիվանդություն է տարել:

Սանկտ Պետերբուրգում կրկին շտապ բուժօգնության ավտոմեքենաների հերթեր են առաջանում կորոնավիրուսով հիվանդների ընդունող հիվանդանոցների դիմաց, պացիենտներին նաև միջանցքներում են տեղավորում:

Իսրայելում լոքդաունը դեռ արդյունք չի տվել: Երկրում նոր ռեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 6 հազար 861 դեպք, հիվանդանոցները գերբեռնված են, վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է ավելի վաղ սահմանված կարանտինի խստացման մասին:

Ֆրանսիայում նույնպես խստացվում են սահմանափակումները: Ռիսկի «բարձր» մակարդակ ունեցող քաղաքներում, մասնավորապես ՝ Բորդոյում, Լիոնում, Նիսում և Փարիզում, բարերը կփակվեն երեկոյան ժամը 10-ին: Հասարակական վայրերում չի թույլատրվի հավաքվել 10 մարդուց ավելի: Կարգելվեն նաև ավելի քան հազար մարդու մասնակցությամբ զանգվածային միջոցառումները: Մարսելն ու Գվադելուպան ընդգրկվել են վտանգի «առավելագույն» մակարդակ ունեցող գոտիներում՝ այնտեղ երկուշաբթի օրվանից բարերն ու ռեստորանները կփակվեն: Խանութներն ու թանգարանները կշարունակեն գործել, բայց պետք է հետևեն սանիտարական խիստ կանոններին:

Բրազիլիայում էլ, ընդհակառակը, մարզադաշտերը բացվում են ֆուտբոլասերների համար, և սա այն դեպքում, երբ երկիրը վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել