ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ԼՂ հարցով Սերգեյ Լավրովին վերագրված հայտարարությանը

 |factor.am|
20:54 - 23 սեպտեմբերի, 2020

ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ԼՂ հարցով Սերգեյ Լավրովին վերագրված հայտարարությանը |factor.am|

factor.am: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության հարցով արված հայտարարությունները, ասաց, որ հայկական կողմի համար ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրությունները հավաստի աղբյուր չեն։

«Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվական հավաստի աղբյուր չեն։ Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»,- նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Այսօր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովայի գլխավորած պատվիրակության հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Մեջլիսի տարածած մամուլի հաղորդագրությունը, սկսեցին տեղեկություններ տարածել, որ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Լավրովը, իբր, ասել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը»։

«Դա Մոսկվայի պաշտոնական տեսակետն է։ Ռուսական կողմը հակամարտության կարգավորման գործընթացում հանդես է գալիս օկուպացված 5 շրջանների վերադարձի, խաղաղապահների տեղակայման, տրանսպորտային ու հաղորդակցության համակարգերի վերականգնման օգտին»,- ըստ ադրբեջանական կողմի՝ ասել է Լավրովը։

Նշենք, որ նման ձևակերպումները բացակայում են Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունը մեկնաբանել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ այս հարցով Ռուսաստանի դիրքորոշումը լավ հայտնի է, միաժամանակ հորդորելով առաջնորդվել դրանով, ոչ թե տարատեսակ մեկնաբանություններով, «որոնք արվում են ոչ ռուսական կողմից»։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել