ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառումը։ Նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։ Այդ մասին տեղեկացնում ենք Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքի էջից:

Նշված տրանսպորտային ընկերություններին կտրամադրվի 2020 թ․ ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև՝ զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված միջոցառման շահառու են տնտեսական գործունեության H49.3, H49.42 և N79 դասակարգիչները հայտարարագրած տրանսպորտային ոլորտի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսավարողները, որոնք ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել, 2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 տոկոսը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների անկանխիկ վճարումների արդյունքում՝  զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ, կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ, օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ կամ կազմակերպություններ:

Փոխհատուցումը տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։