Մինչեւ շաբաթվա վերջ նախատեսվում է իրականացնել անձանց տեղաշարժի մասին հավաքագրված տեղեկությունների ոչնչացման գործընթացը
18:14 - 23 սեպտեմբերի, 2020

Մինչեւ շաբաթվա վերջ նախատեսվում է իրականացնել անձանց տեղաշարժի մասին հավաքագրված տեղեկությունների ոչնչացման գործընթացը

Մինչեւ այս շաբաթվա ավարտ նախատեսվում է իրականացնել արտակարգ դրության ընթացքում հեռախոսների միջոցով անձանց տեղաշարժի մասին հավաքագրված տեղեկությունների ոչնչացման գործընթացը։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ընթացքում պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

ՀՀ կառավարության 16.03.2020 թվականի N 298-Ն որոշման մեջ նշված է, որ համակարգչային հատուկ ծրագրում մշակված բոլոր տվյալները պետք է ոչնչացվեն արտակարգ դրության ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում։ Ոչնչացման գործընթացը կազմակերպելու եւ իրականացնելու է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության եւ այն բոլոր մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք արտակարգ դրության ժամանակահատվածում հասանելիություն են ունեցել տվյալներին կամ մշակել են դրանք։ Տվյալների ոչնչացման գործընթացին կարող են մասնկացել նաեւ մեկական ներկայցուցիչ ՀՀ ԱԺ խմբակցություններից։

Infocom-ը փորձեց ԱԺ խմբակցություններից տեղեկանալ՝ ստացե՞լ են ծանուցումը եւ արդեն որոշե՞լ են՝ ով է մասնակցելու տվյալների ոչնչացման գործընթացին․ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հայտնեցին, որ ծանուցումն ստացել են, սակայն դեռեւս չեն որոշել՝ ով է մասնակցելու, իսկ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը լինելու է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ կապ հաստատել չստացվեց։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ վարչապետի աշխատակազմը ծանուցում է ուղարկել վերոնշյալ մարմիններին՝ առաջարկելով ներկայացնել ներկայցուցչի վերաբերյալ տվյալներ՝ ոչնչացման գործընթացին մասնակցելու համար։

Մասնագիտական շրջանակների հետ քննարկումների արդյունքում ընտրվել է գործընթացը, որը նկարագրված է կառավարության N 298-Ն որոշման մեջ, որը կապահովի տվյալների ամբողջական ոչնչացումը։ Տվյալների ոչնչացնումն իրականացվելու է տվյալների նյութական կրիչների (տվյալների կենտրոնային համակարգերի կոշտ սկավառակների) ապամագնիսացման եւ ֆիզիկական ոչնչացման եղանակով, այն ձեւով, որն անհնար է դարձնում վերականգնել տվյալների բովանդակությունը։ 

Փոխվարչապետի գրասենյակից նաեւ նշել են, որ համակարգչային հատուկ ծրագրից որեւէ արտահոսք չի գրանցվել։ Այս ընթացքում ծրագրի միջոցով վերլուծվել են 10.853 վարակակրի կոնտակտներ, արդյունքում հաստատվել է 1548 քաղաքացի, որոնք իրապես շփում են ունեցել վարակակրի հետ եւ նրանց ինքնամեկուսանալու հրահանգ է տրվել։ Ինքնամեկսուցածների մոտ տեղադրվել է StayHome հավելվածը, որն ապահովել է ինքնամեկուսացման ռեժիմի պահպանումը, ինչպես նաեւ ինքնամեկուսացածի ուղղակի կապը՝ իր բուժող բժշկի հետ։ 

Infocom-ը հետաքրքրվել էր՝ ե՞րբ կհրապարակվի պաշտոնական վիճակագրությունն այն մասին, թե համավարակի դեմ պայքարի գործընթացում ինչ ռիսկեր է չեզոքացրել այս տվյալների հավաքագրումը, ինչին ի պատասխան՝ նշել են, որ համեմատության համար պետք է դիտարկել նման ծրագրի բացակայության սցենարը։ Այս պարագայում, ըստ մեր ստացած պատասխանի, վերոնշյալ թվերը վկայում են համակարգչային հատուկ ծրագրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած դերի մասին․ օրինակ՝ 178 վարակակիրները ծրագրի միջոցով չհայտնաբերվելու դեպքում իրենց ամենօրյա շփումների միջոցով կնպաստեին կորոնավիրուսի ավելի տարածմանը։ 

Զարա Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել